Շաբաթ, 28 Հունվարի, 2023
HomeՔաղաքականությունԱդրբեջանական կողմը սահմանազատման վերաբերյալ ՀՀ առաջարկներին բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել...

Ադրբեջանական կողմը սահմանազատման վերաբերյալ ՀՀ առաջարկներին բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանել է Հայաստանի ևԱդրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը։

«Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին ԱԳՆ խոսնակի պատասխանները ներկայացնում ենք ստորև․

Հարց- Ադրբեջանի ԱԳ նախարարը, խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի մասին, կրկին հայտարարել է, որ հայկական կողմը նախապայմաններ է առաջ քաշում՝ ընդգծելով, որ Հայաստանը չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանների սահմանազատման հարցում որևէ պայման դնելու: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:

Պատասխան – Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը եւ Ադրբեջանի նախագահը 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրել են հայտարարություն, որը հրապարակային է եւ հասանելի համացանցում: Այդ հայտարարության մեջ հստակ արձանագրված է, որ երեք երկրների ղեկավարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ եւ գործընթացը տանել դեպի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձեւավորում: Երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարությունից բխում է, որ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի գործունեությանը պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը եւ դրանց իրագործումը: Սա տրամաբանական է նաեւ այն պատճառով, որ դժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանքների իրականացում այն սահմանին, որտեղ ամեն օր տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: Հայաստանի Հանրապետությունը, իրապես շահագրգռված լինելով պայմանավորվածությունների լիարժեք իրագործմամբ, դրանց իրականացման իր պատկերացումներն է ձեւակերպել: Ադրբեջանական կողմը որեւէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ:

Հայաստանի առաջարկները «պայման», «նախապայման» անվանելը, ապա դրանց վերաբերյալ բարոյական, քաղաքական, իրավական գնահատականներ հնչեցնելը ոչ մի տրամաբանական կապ չունի վերը նշված գործընթացի հետ:

Հարց – Ադրբեջանի ԱԳ նախարարը նաեւ նշել է, թե Հայաստանը վիժեցրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: Ինչ կասեք այս հայտարարության առիթով:

Պատասխան – Եթե նկատի է առնվում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Եռակողմ աշխատանքային խումբը, զավեշտալի զուգադիպությամբ նույն օրն առավոտյան տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգման գործնական քայլերի փուլում է եւ աշխատանքային խմբի հայաստանյան համանախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 2-ին Երեւանում այս թեմայով առարկայական քննարկում է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի եւ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ: Վարչապետ Փաշինյանը գնահատելով իրադրությունը հայտարարեց, որ Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի առաջին արդյունքների արձանագրումը շատ մոտ է թվում: Այս համատեքստում Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները առնվազն տարօրինակ են եւ հույս ունենք երկաթուղու վերագործարկման հարցում Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարում չեն նշանակում: Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը ձեռքբերված պայմանավորվածություններին, որի մասին ՀՀ վարչապետը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է:

Նշենք նաեւ, որ ավտոճանապարհների բացման մասին նույնպես Հայաստանը առաջարկություններ է արել ադրբեջանական կողմին: Այդ առաջարկություններին մինչեւ օրս որեւէ պատասխան ադրբեջանական կողմից չի հնչել: Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել այդ առաջարկների իրագործումը:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009