17 C
Yerevan
Երեքշաբթի, 11 Մայիսի, 2021

Ալիևն իրականացնում է պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզ, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն Հայաստանի, Արցախի բնակչության, հայ ժողովրդի նկատմամբ․ ՄԻՊ

- Advertisement -

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին։ ՄԻՊ հայտարարությունը՝ ստորև։

«Հայերն ունեն խեղված հոգեբանություն, նրանց լավ բժիշկ է պետք, հայերի թույնը սփյուռքից է. Ադրբեջանի նախագահի 2021թ. ապրիլի 13-ի խոսքերն են: Նրա ելույթն արմատավորում է ատելություն և ռասիզմ, ֆաշիստական է: Առաջացնում է թշնամանք Հայաստանի ու Արցախի և սփյուռքի միջև:

Մեջբերումներ ապրիլի 13-ի ելույթից՝

«(…) Նրանք (նկատի ունի հայերին) լավ բժիշկների կարիք ունեն: Ես բազմիցս ասել եմ, որ նրանց թունավորել են: Այս թույնը հիմնականում գալիս է իրենց սփյուռքից, որը Ֆրանսիայի հարավում, Կալիֆոռնիայում, Կրասնոդարի մարզում և այլ մայրաքաղաքներում շատ հանգիստ և գեղեցիկ վայրերում նստած կյանքն են վայելում: Նրանք ուզում են, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հայերն իրենց պատանդը, գործիքը լինեն, որպեսզի իրենք կարողանան զբաղվել կտրուկ և շովինիստական գաղափարներով: Հայ հասարակությունը (…) ապրում են երկաթե վարագույրի հետևում և այս թունավոր գաղափարների ազդեցության տակ են: Մենք պատրաստ ենք նրանց աջակցել այս հարցում»:

«(…) դա կրկին իրենց հոգեբանության հետ է կապված: Նրանք կարծում են, որ ամբողջ աշխարհն իրենց պարտական է: Այդ հոգեբանությունը նրանց գցել է ներկայիս նվաստացուցիչ վիճակի մեջ, բայց շարունակում են մտածել, որ իրենց պետք է օգնեն: (…) Նրանք չեն գիտակցում, որ խնդիրը հենց իրենց մեջ է: Հայաստանի ամենամեծ վտանգը հենց իրենց հոգեբանությունն է: Սա պետք է փոխվի և գուցե դա շրջադարձային կետ կլինի, որպեսզի հասկանան թե մենք իրենց ինչ ծանր դաս ենք տվել»:

«Սա նրանց հոգեբանությունն է: Նրանք դաստիարակվել են այնպես, կարծես աշխարհի ամենամեծ ազգն են, արժանի են լիակատար աջակցության, բոլորը պարտական են իրենց, ոչ ոք չգիտի ինչու: Նրանք օգտագործում էին կեղծ պատմություններ ՝ անձնական և կորպորատիվ առավելություններ ստանալու համար: Հիմա բոլորը հասկանում են, որ իրենց բանակը գոյություն չունի, նրանք ունեն 10 000 դասալիք, 10 000, «Անպարտելի բանակ»: Նրանց ողջ ընկալումը փոխվել է: Դուք միանգամայն ճիշտ եք, դա խեղում է, հոգեբանական խեղում»:

——————

Ադրբեջանի նախագահի ապրիլի 12-ին «Պուրակի» բացման, ինչպես նաև ապրիլի 13-ի ելույթներով արմատավորվում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդն ունեն հոգեբանական խեղումներ, թույնով են լցված, անհասկացող են, վայրենի են, մեծամիտ են, չունեն բարոյականություն և այլն:

Փոխարենը՝ նա համեմատությամբ ի ցույց է դնում Ադրբեջանի ժողովրդի առավելությունները, նրանց համարում դասով, բարոյականությամբ ու հոգեբանությամբ առավել բարձր: Այս ամենն իրականացնում է ի հաշիվ պատմական փաստերի բացահայտ աղավաղման:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի այս ելույթներին և վարվող քաղաքականությանը:

Ակնհայտ է, որ նրա կողմից իրականացվում է պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն Հայաստանի ու Արցախի բնակչության, Հայ ժողովրդի նկատմամբ:

Հենց այս ելույթներն ու քաղաքականությունն են ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների պատճառը, խոշտանգումների հիմքերը:

Դրանք սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքերը:

Հակառակ նշված ելույթների՝ ՀՀ որևէ ժամանակաշրջանի իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ ատելության կամ թշնամանքի պետական քաղաքականություն չեն վարել ու չի վարում:

Ադրբեջանի նախագահը ապրիլի 13-ի իր ելույթն ունեցել է «Նոր հայացք Հարավային Կովկասին. Զարգացումն ու համագործակցությունը հակամարտությունից հետո» վերտառությամբ միջոցառմանը՝ ADA համալսարանում (Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի համալսարան, ք.Բաքու, 10-13 ապրիլ, 2021թ.)»:

Վերջին նորություններ

- Advertisement -

Գարիկ Սարգսյանի հրամանով անհիմն ազատում են աշխատանքից․ բուժհաստատության տնօրենն ահազանգում է

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն որոշում է կայացրել աշխատանքից անհիմն ազատել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վահրամյանին։...

Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել․ Դավիթ Համբարձումյան

«Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, ոչ ձեր կողմից նշված համայնքում, ոչ էլ Մասիս քաղաքում։ Հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ...

Կապակցված նորություններ

Գարիկ Սարգսյանի հրամանով անհիմն ազատում են աշխատանքից․ բուժհաստատության տնօրենն ահազանգում է

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն որոշում է կայացրել աշխատանքից անհիմն ազատել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վահրամյանին։...

Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել․ Դավիթ Համբարձումյան

«Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, ոչ ձեր կողմից նշված համայնքում, ոչ էլ Մասիս քաղաքում։ Հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ...
- Advertisement -