ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2004-2018 թվականների ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 4.921.302.379 ՀՀ դրամի եկամուտները։Այսպես, 2002-2018 թվականների ընթացքում Արմեն Գևորգյանի և նրա հետ փոխկապակցված անձանց օրինական եկամուտների հանրագումարը կազմել է ընդհանուր 743.458.821 ՀՀ դրամ, մինչդեռ վերջիններիս անվամբ նույն ժամանակահատվածում գրանցվել է Արմեն Գևորգյանին փաստացի պատկանող` Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գտնվող` վերը նշված գումարը բազմակի անգամ գերազանցող արժեքի 39 միավոր անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունք։Արմեն Գևորգյանը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ներգործել է մի շարք մարզերի համայնքների ղեկավարների վրա՝ վերջիններիս դրդելով գործող օրենսդրության խախտմամբ` ձևական աճուրդներ անցկացնելու եղանակով, համայնքներին պատկանող որոշ հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցել իր հետ փոխկապակցված անձանց անվամբ։Նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գտնվող հիշյալ անշարժ գույքերի պայմանագրային արժեքը կազմել է 751.268.208 ՀՀ դրամ, մինչդեռ նույն անշարժ գույքերի միջին շուկայական արժեքը գործարքի կատարման ժամանակ կազմել է նշված արժեքի ավելի քան վեցապատիկը` 4.843.530.000 ՀՀ դրամից ավելի, իսկ Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված անձանց անվամբ Չեխիայի Հանրապետությունում գտնվող ընդհանուր 10 միավոր անշարժ գույքերի շուկայական արժեքը կազմել է 391.920.000 ՀՀ դրամին համարժեք 920.000 ԱՄՆ դոլար։
Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամի` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար
RELATED ARTICLES