Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Հայաստանում ապաստանեց Արցախից տեղահանված շուրջ 91 000 անձ: Տեղահանվածների հաշվառումը կատարել է միգրացիոն ծառայությունը: Ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասում է, որ պատերազմի ավարտից հետո նրանց մեծ մասը վերադարձավ Արցախ, այժմ Հայաստանում է գտնվում շուրջ 24 500 մարդ: Նրանցից 9140-ը՝ Հադրութի շրջանից են, 4160-ը՝ Շուշիից, 2666-ը՝ Շահումյանից և 8569 մարդ Քաշաթաղի շրջանի բնակիչներն են:
«Մեծամասնությունն անհատների տներում է հյուրընկալվել: Ուրախալի է, որ անհատական նախաձեռնությունը կար, դա հասարակության մեջ սոլիդարության մասին է խոսում, բայց նաև պետական համակարգն է գերլարված աշխատել։ Հիմա տարհանվածներ կան պետական հաստատությունների շենքերում»,- ասում է Արմեն Ղազարյանը։
Արցախից տեղահանվածներին ՄԱԿ-ի փախստականների կոմիտեն անվանում է՝ «փախստականի նման կարգավիճակում գտնվող մարդիկ»:
Արմեն Ղազարյանը բացատրում է, որ Արցախի Հանրապետությունից Հայաստան տեղափոխվածների համար նախընտրում են տեղահանված տերմինն օգտագործել, որը լայնորեն կիրառելի է այն դեպքերի համար, երբ անձանց սոցիալական վիճակը նման է փախստականի վիճակին, բայց նրանց իրավական կարգավիճակը փախստականի չէ:
«Փախստականի կարգավիճակի մասին» 1951թ. Ժնևի կոնվենցիայի 1-ին հոդվածի (Ե) կետով սահմանվում է, որ Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում այն անձի նկատմամբ, որն այն երկրի իրավասու մարմինների կողմից, որտեղ նա ունեցել է բնակության վայր, ճանաչվել է այդ երկրի քաղաքացիություն ունենալու հետ կապված իրավունքներ ու պարտականություններ ունեցող, չկա նաև նրանց ռիսկի գոտի բռնի վերադարձման վտանգ։
«Արցախից տեղահանվածների կարգավիճակը լիովին համընկնում է «տեղահանվածներ» բնորոշմանը։ Իրավաբանորեն փախստական չլինելու հանգամանքը որևէ կերպ չի խաթարում այդ անձանց սոցիալական խոցելիության հանգամանքը և դրա հիման վրա սոցիալական աջակցություն ստանալու իրավունքը»,- նշեց միգրացիոն ծառայության պետը։