Փաստացի, երբ երկրի առաջին դեմքը՝ Նիկոլ Փաշինյանը, ամբիոնից հայտարարում է, որ Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, այս բարդ իրավիճակում պետք է քննարկե՞ն՝ ով է ռուսական դրոշով Z նշանով դրել Պապիկ-տատիկ հուշարձանի մոտ. միգուցե որևէ արցախցի է դա արել, ինչի իրավունքն ունի: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Վերջինս նկատեց, որ երբ Ազատության հրապարակում մի խումբ ազգայնականների կողմից ծածանվեց Ուկրաինայի դրոշը բուռն չքննարկվեց այն, և դա այն դեպքում, երբ այդ երկիրն առաջիններից էր, որ շնորհավորեց Ադրբեջանին հաղթանակի կապակցությամբ. «Արցախցուն հասցրել են այս վիճակին: Նրանք նախկինում, Հայաստանից բացի, այլ ուղղությամբ չէին նայում օգնություն ստանալու նպատակով: Մարդիկ, տեսնելով երկրի վիճակը, մտածում են, որ գուցե, այո՛, փրկությունը հենց Ռուսաստանի մեջ է, քանի որ ՀՀ-ն ձեռքերը լվացել է Արցախից: Այսօր մենք ապրում ենք Արցախում և շարունակելու ենք այստեղ մնալ անկախ նրանից, թե ՀՀ իշխանությունները ինչ հայտարարություններ են անում»,- ընդգծեց պատգամավորը:
Հարցին, թե ինչպես է վերաբերում այն քննադատություններին, որոնք ուղղված են այն արցախցիներին, որոնք սատարում են ՌԴ-ին, մեր զրուցակիցը պատասխանեց.
Scroll Down
«Մեզ քննադատողները նորից այդ կեղծ ազգայնականներն են, որոնք իրականում սպասարկում են Ադրբեջանի շահերը: Արցախում ապրող իրական հայը չի կարող մտածել, որ Ռուսաստանին չի կարելի սատարել, չի կարելի բարեկամանկան հարաբերություն ունենալ նրա հետ: Արցախցիները նոյեմբերի 9-ից հետո կարողացան հետ գնալ իրենց այն բնակավայրերը, որոնք մնացին մեր վերահսկողության ներքո, քանի որ այդ ժամանակ մեր կողքին կանգնեցին ռուս խաղաղապահները, որոնք մեզ հետ հավասար հիմա կիսում են մեր կենցաղն ու առօրյան, ինչպես նաև մեզ ուղղված բոլոր վտանգները»,- եզրափակեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ համացանցում լուսանկար տարածվեց, որում երևում է՝ Ստեփանակերտում Պապիկ-Տատիկ (Դեդո-Բաբո) հուշարձանի մոտ ռուսական դրոշով պատկերվել է Z տառը։