Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
Խորհուրդը որոշեց մերժել Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարի կողմից «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի հաղորդման հիման վրա նշված գործը քննած՝ կոլեգիալ դատական կազմում որպես նախագահող դատավոր ընդգրկված դատավոր Դանիել Դանիելյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ այն պատճառաբանությամբ, որ նշված գործով վճիռը դատական նիստում բարձրաձայն ընթերցվել (հրապարակվել) է ոչ թե նախագահող դատավոր Դանիել Դանիելյանի կողմից, այլ կոլեգիալ դատական կազմում ընդգրկված մեկ այլ դատավորի կողմից:
Այնուհետև, երբ դատավոր Դանիել Դանիելյանը 26.01.2022թ. ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացրել բացատրություն այն մասին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով միայն սահմանվել է, որ գործն, ըստ էության, լուծող դատական ակտը պետք է բարձրաձայն ընթերցվի (հրապարակվի) դատական նիստում, իսկ թե կոլեգիալ կազմում ընդգրկված կոնկրետ ո՞ր դատավորի կողմից պետք է ընթերցվի, օրենսգրքով չի սահմանվել, նաև այն հաշվառմամբ, որ դրանով անձի որևէ իրավունք չի կարող խախտվել, ՀՀ արդարադատության նախարարը հաջորդ իսկ օրը՝ 27.01.2022թ., կայացրել է որոշում դատավոր Դանիել Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին: