Շաբաթ, 26 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինԵՄ դիտորդների «փրկչական» առաքելությունը կյանքի չի կոչվում

ԵՄ դիտորդների «փրկչական» առաքելությունը կյանքի չի կոչվում

Երեկ հայ-ադրբեջանական սահմանին հերթական կրակոցներն են հնչել։ «Նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերն Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- առավոտ կանուխ հաղորդեց ՀՀ ՊՆ-ն։ Նմանատիպ հաղորդագրություններ են տարածվել նաեւ հոկտեմբերի 24-ին, նոյեմբերի 4-ին եւ այլն։ Մինչդեռ հոկտեմբերի 6-ին Հայաստանի վարչապետի պրահյան հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ու թիմը ցնծության մեջ էին՝ շուտով Հայաստան կժամանեն 40 եվրոպացի «փրկիչները»՝ դիտորդները, ովքեր, մի կողմից, կկանխեն ցանկացած սադրանք ու կրակոց, մյուս կողմից՝ աշխարհին կտեղեկացնեն, որ կրակողը, ագրեսորը Հայաստանը չէ, այլ՝ Ադրբեջանը։ Քաղաքացիական դիտորդական առաքելություն գործուղելու որոշումը կայացվել է հոկտեմբերի սկզբին, Պրահայում` Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման արդյունքում:

Դրանից անմիջապես հետո կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պայմանավորվածությանը, ասաց․ «Պետք է հաճույքով արձանագրեմ, որ Եվրամիության գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել եւ որոշումներ կայացրել, ու նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է, աշխատում է, ու նաեւ հիմնական խումբը՝ 40 հոգուց կազմված դիտորդական առաքելությունը, առաջիկայում կժամանի Հայաստան: Ի սկզբանե պլանավորված է, որ երկու ամիս պիտի աշխատի դիտորդական առաքելությունը, եւ մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել դիտորդական առաքելության ժամկետը կամ փորձել դիտորդական առաքելությունը դարձնել մշտական: Ես համոզված չեմ դրանում, բայց, ամեն դեպքում, մի թեմա է, որ մեր հանրության եւ փորձագիտական շրջանում քննարկվում է: Եթե մենք տեսնենք նման հնարավորություն եւ անհրաժեշտություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը»: Հետո քարոզչական հաղթական արշավ սկսեցին իշխանական ազդեցության ներքո գտնվող լրատվամիջոցներն ու սորոսականները։ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց․ «Այդ առաքելությունը, մեր կարծիքով, կնպաստի կայունացմանը եւ լրացուցիչ եւս մեկ զսպող գործոն կլինի ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար»։

Եվ եկավ բաղձալի պահը՝ հոկտեմբերի 14-ին Հայաստան ժամանեց ԵՄ փորձագետների խումբը՝ տեխնիկական գնահատման առաքելություն իրականացնելու նպատակով։ Հաջորդը պետք է լիներ ԵՄ դիտորդական կարողության տեղակայման համար։ Փորձագիտական խմբի դերն էր՝ հավաքել անհրաժեշտ տեղեկատվություն, տեղում իրականացնել գնահատում եւ հաստատել կապեր համապատասխան շահագրգիռ կողմերի հետ: Իսկ արդեն հոկտեմբերի 27-ին ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի ղեկավարությամբ գործող Եվրոպական արտաքին գործողության ծառայությունը հայտարարություն տարածեց, թե ԵՄ դիտորդներն ուղեւորվել են հայ-ադրբեջանական սահման՝ պարեկություն իրականացնելու․ «ԵՄ առաքելությունը կհետեւի սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին՝ վստահություն ձեւավորելու եւ սահմանային հանձնաժողովներին աջակցելու համար»։ Հիշենք, որ ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե այս առաքելությունն իրենց կողմում կարող է աշխատել ըստ անհրաժեշտության։ ԵՄ 40 դիտորդները գործունեություն պետք է իրականացնեին երեք մարզում՝ Գեղարքունիք, Սյունիք եւ Վայոց Ձոր։

Պարզվեց, որ դիտորդական առաքելությունը չի վախեցնում ադրբեջանական ագրեսորին, եւ հրադադարի խախտման դեպքերը շարունակվում են։ Սակայն ՀՀ մարզպետները վստահեցնում են, որ դիտորդների ժամանումն ադրբեջանական կողմի համար զսպող դեր է խաղացել։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը երեկ մեր լրագրողի հարցին ի պատասխան ասել է, որ խախտումները որոշակիորեն նվազել են։ Դիտորդները Գեղարքունիքում տեղակայված են Մարտունի քաղաքում, հատուկ ներկայացուցչություն ունեն՝ գրասենյակ, որտեղ 8 քաղաքացիական դիտորդ է աշխատում։ Ըստ մարզպետի՝ նրանք ամեն օր այցելում են սահմանային գոտի, խոսքը 11 սահմանամերձ գյուղի մասին է։ Թե ինչ արձանագրումներ են արել, մարզպետը չհայտնեց՝ ասելով, որ պայմանավորվել են պարբերաբար հանդիպել եւ փոխանակել ինֆորմացիաներ։
Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ դիտորդները Եղեգնաձորում են տեղակայված, ամեն օր այցելում են Ջերմուկի խնդրահարույց սահմանները եւ իրականացնում իրենց աշխատանքը։

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ ի սկզբանե ակնհայտ էր, որ դիտորդական առաքելությունը տարածաշրջանում կայունություն չէր բերելու․ «Առաջին իսկ պահից, երբ հայտարարվեց նախաձեռնության առաջարկի, ապաեւ դրան համապատասխան կենտրոններից եղան արձագանքներ, մինչեւ վերջ չհրապարակվեց, թե ինչ մանդատներ ունեն դիտորդները եւ ինչ ֆունկցիա են կատարելու, այսինքն՝ այդ ֆունկցիան միայն սկսվելու եւ ավարտվելու է համապատասխան իրավիճակային զեկույցո՞վ (բովանդակությունը՝ դեռ մի կողմ), թե՞ նրանց ներկայությունն ուղեկցվելու է համապատասխան միջոցների ներգրավմամբ, ինչը նաեւ ենթադրում է հակազդեցություն ադրբեջանական հնարավոր ագրեսիային։

Հաշվի առնելով, որ մինչ օրս հայտնի չէ, թե դիտորդներն ինչ լիազորությունների շրջանակ ունեն, ինչ միջոցներով են իրենց աշխատանքներն իրականացնելու, բնականաբար, պարզ չէ, թե ինչ միջոցներով են հնարավորություն ունենալու կանխել ադրբեջանական ագրեսիան։ Ուստի մեծ ակնկալիքներ չկան դիտորդական առաքելությունից»։ Աբրահամյանի կարծիքով՝  եթե իրականում ԵՄ-ն կամ հավաքական Արեւմուտքը խնդիր ուներ Ադրբեջանի վրա հակազդելու, ապա հակազդելու համար լծակները բազմաթիվ են․ «Սկսած պատժամիջոցների սպառնալիքից, վերջացրած Ադրբեջանի վերաբերյալ քաղաքական զեկույցների, հայտարարությունների առկայությունը։ Ուստի ակնկալել, որ դիտորդների երկամսյա առաքելությունը տարածաշրջանում կայունություն է բերելու, առնվազն տեսանելի չէ ո՛չ ընթացիկ գործընթացներից, ո՛չ էլ, առավել եւս՝ դրա հետ կապված կոնկրետ հայտարարություններից»։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009