Նիկոլ Փաշինյանի 2 ժամ տեւած ասուլիսին հարցերի պատասխանները իմաստ չունի քննարկել։ Նրան վաղուց արդեն հայտնում են կայացված որոշումների մասին, այդ թվում՝ իր անունից, իսկ նրան թողնված է այդ որոշումները հայ հանրությանը հասցնելու գործառույթը։ Դրանով է բացատրվում կոնկրետ հարցերին երկար-բարակ ու անիմաստ բառակույտերի արտաբերումը։ Դրա վկայությունը օր օրի բացահայտվող նոր հանգամանքներն են։
Փաշինյանը հանուն իշխանության համաձայնել է Մոսկվա-Անկարա-Բաքու եռյակի ծրագրերի «խոսնակի» եւ այդ ծրագրերն իր ստորագրությամբ լեգալացնելու դերին։ Փաշինյանի ասուլիսի ողջ իմաստը հենց դա էր՝ իր կառավարության համար Արցախի հարցը փակված է, Մոսկվա/Կարսի պայմանագրերի վերահաստատմամբ (հայ-թուրքական հարաբերությունների՝ Բաքվի շահերի հաշվառմամբ կարգավորում) փակվում են Կարսի, Արարատի, Նախիջեւանի խնդիրները, խորհրդային քարտեզներով ու միակողմանի «ապաշրջափակմամբ» Հայաստանը մատնվում է լիակատար մեկուսացման՝ տարածքային նոր կորուստներով։Բացի այդ, Փաշինյանը Մոսկվա-Անկարա-Բաքու եռյակի պահանջով մերժել է միջազգային լեգիտիմ կառույցների միջամտության փորձերը եւ լեգիտիմ մանդատը, մասնակցելով 3+2 ռուս-թուրքական ձեւաչափին։
Եթե տեսնենք 3+2-ը չի համընկնում մեր շահերին, չենք մասնակցի տիպի հայտարարությունները սեփական սուբյեկտությունը ցուցադրելու անհաջող փորձեր են։ Ավելորդ է խոսել պետական, քաղաքական, մարդկային արժանապատվության մասին։ 3 տարվա ընթացքում Փաշինյանը բազմաթիվ հնարավորություններ ուներ շրջելու իրավիճակը, եւ որքան էլ տարօրինակ թվա՝ հատկապես նոյեմբերի 9-ից հետո։ Ասուլիսի ժամանակ 2016-ի բանակցային «աղետին», միջազգային հանրության ոչ նպաստավոր դիրքորոշումներին հղումները վկայում են ոչ միայն այդ հնարավորությունները չգիտակցելու, այլեւ քաղաքական համապարփակ անմեղսունակության մասին։
Սա՝ Փաշինյանն ու իր թիմը։ Խորհրդարանի «ընդդիմությունը» նույն ծիրի մեջ է բովանդակային հարցերի եւ իրավիճակի պատկերացումների հարցում։ Իսկ հայ ժողովո՞ւրդը, որի 5000 զավակները կյանք են տվել հայկական իրավունքների ու պահանջների հարցը բաց պահելու համար։