Ալիևը Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ասել է, որ «նախկինում Հայաստանի ղեկավարությունը միջազգային համաժողովներում սովորաբար հանդես էր գալիս Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքներով»։ Դրական գնահատելով այն, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ դա տեղի չի ունեցել, նա ասել է, որ ինքը նույնպես չի արտահայտվել Հայաստանի դեմ, ինչը վկայում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար բարենպաստ հողի առաջացման մասին։
Ալիեւը չի զարմանում, որ Հայաստանը պահանջներ չի ներկայացնում Ադրբեջանին՝ պատրաստ լինելով ամեն ինչի հանուն «հարաբերությունների կարգավորման»։ Սա չի զարմացնում նաև Հայաստանի գործընկերներին, որոնք արդեն հասկացել են, թե ինչ է ուզում Երևանը։
Փաշինյանը միջազգային ասպարեզում բացարձակապես չի խոսում հայկական պահանջների մասին՝ կասեցնելով միջազգային հանրության «միջամտելու» բոլոր փորձերը։ Իսկ խորհրդարանում նրա «ընդդիմությունը» հրաժարվել է մասնակցել միջազգային խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին։ Ստացվել է, որ միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններում Հայաստանն ըստ էության ներկայություն չունի։
Իշխանություններն ու ընդդիմությունը, հրաժարվելով համագործակցել միջազգային կառույցների հետ, ճանաչում են ռուս-թուրքական տանդեմի «տարածաշրջանային խնդիրները» լուծելու իրավասությունը։
Հայաստանի խորհրդարանն ու կառավարությունը պատրաստվում են վավերացնել ռուս-թուրքական նոր գործարքը, որը վերջ կդնի հայկական պետականությանը։ Որպեսզի դա ոչ ոք չկարողանա կանխել, իշխանություններն ու «ընդդիմությունը» այրում են կամուրջները միջազգային մանդատով օժտված կառույցների հետ։