Ուրբաթ, 3 Փետրվարի, 2023
HomeՔաղաքականությունԿարծում էի՝ հեղափոխականի գերնպատակը պետք է լինի ուրիշների կյանքը բարելավելը.Հայկ Մարության

Կարծում էի՝ հեղափոխականի գերնպատակը պետք է լինի ուրիշների կյանքը բարելավելը.Հայկ Մարության

Սիրելի՛ հայրենակիցներ, երևանցիներ, խոսքս ձեզ եմ ուղղում։ Այսօր տեղի է ունենում մի պրոցես, որը երբեք տեղի չի ունեցել Երևանի պատմության մեջ։ Սա առաջին դեպքն է, երբ Երևանի քաղաքապետին անվստահություն են հայտնում, և կարծես թե այսպիսի բան անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային ընդդեմ քաղաքապետի։ Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, հայտարարեց քաղաքապետը։

«Օրինակ՝ բյուջեի խոշոր չափի գումարի հափշտակում կամ կենցաղային, աշխատանքային զարհուրելի հանցանք։ Ինչպես ելույթներից հասկացանք՝ այդպիսինները չկան։ Ներկայացվող հիմնական պատճառը լրիվ այլ է․ ինչպես նախաձեռնող խումբն է ասում՝ քանի որ ես դուրս եմ եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ապա պետք է լքեմ նաև այս պաշտոնը»,-ասաց Մարությանը։

Նա հիշեցրեց՝ 2018-ին ՀՀ ժողովուրդը հեղափոխություն իրականացրեց, որին իրենք բոլորը մասնակից են եղել և իրենց լուման են ներդրել։

«Երևանի ավագանու ընտրություններում մենք՝ որպես հեղափոխական թիմ, խնդիր ունեինք ջախջախիչ հաղթանակ տանել և թղթի վրա հստակ ամրագրել ժողովրդի կամքը։ Ավագանու «Իմ քայլը» դաշինքում 57 հոգուց միայն 27-ն են այդ պահին ՔՊ անդամ եղել, մեծ մասը՝ անկուսակցականներ կամ այլ կուսակցությունների անդամներ։ Ժողովուրդն իր ձայնը չտվեց որևէ կուսակցության, տվեց «Իմ քայլը» դաշինքին, հեղափոխությանը, հեղափոխության լիդեր Նիկոլ Փաշինյանին, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին։ Այսպիսով՝ ժողովուրդն ընտրել է «Իմ քայլը» հեղափոխական դաշինքին։ Պաշտոնապես ասում եմ՝ ես դուրս եմ եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից, շարունակում եմ մնալ «Իմ քայլը» խմբակցության անդամ, և նախաձեռնող խմբի այս պնդումն ուղղակի կեղծիք է»,-հայտարարեց Երևանի քաղաքապետը։

Ըստ Մարությանի՝ իրեն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնողները, հիշատակելով ՔՊ-ի անունը, փորձում են սեփականաշնորհել հեղափոխությունը, ՔՊ-ն դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողն ու ժառանգորդը։

«Սա անընդունելի է ինձ համար և ինձ նման հազարավոր մարդկանց համար, որոնք կուսակցական չեն և հեղափոխություն են արել՝ ավելի լավ Հայաստանի երազանքով։ ՔՊ-ականներն ավելի առաջ են գնացել, առաջ են տանում այն թեզը, որ ով ՔՊ-ից չէ, դեմ է հեղափոխությանը, ով ՔՊ-ից չէ, սատարում է հակահեղափոխական ուժերին։ Սա նույնպես անընդունելի և վիրավորական է այն քաղաքացիների համար, որոնք կուսակցության անդամ չեն»,-ասաց նա։

Հայկ Մարությանն ընդգծեց՝ նախաձեռնության հեղինակներին ու նրանց կուսակցական ընկերներն այս օրերին ասում են նաև, թե ինքը շեղվել է հեղափոխական արժեքներից։

«Տեսնենք, թե ով է իրականում շեղվել հեղափոխական արժեքներից։ Կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել էին իրենց աշխատավարձերը, նախարարները 1,5 մլն դրամ աշխատավարձ են ստանում, փոխնախարարները՝ 1 մլն դրամ՝ գաղտնի որոշմամբ․ հեղափոխական նախարարները։ Ես խոսում եմ հեղափոխությանը մասնակցած և հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացած մարդկանց մասին։ Ես կարծում էի՝ հեղափոխականի գերնպատակը պետք է լինի բարելավել ուրիշների կյանքը, բայց իրականության մեջ նրանք եկան ու անմիջապես սկսեցին բարելավել իրենց կյանքը այն դեպքում, երբ երկրում բնակչության աղքատության ցուցանիշը շարունակվում էր տատանվել 30 տոկոսի սահմաններում։ Բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ ՔՊ-ում, թիմի ներսում, տարբեր մակարդակներում։ Ոչ մի արձագանք։ Կարծես այդպես էլ պետք է լիներ»,-ասաց Մարությանը։

Նա հայտարարեց, թե տարբեր պաշտոնյաներից զանգեր է ստացել՝ հորդորով՝ ազատել քաղաքապետարանի այս կամ այն աշխատակցին՝ որևէ «լայքի» համար։ «Ասում էի՝ երկիրը «Ֆեյսբուք»–ով չեն կառավարում, ինձ հանգիստ թողեք, ես գործով եմ զբաղված»,- նշեց նա՝ հավելելով, թե տարբեր զանգեր է ստացել այս կամ այն մարդուն աշխատանքի տեղավորելու կամ շինթույլտվություն տալու վերաբերյալ։

Ըստ քաղաքապետի՝ այս ազդակները պատճառ են եղել, որ իր և ՔՊ-ի միջև ի հայտ գա աշխարհայացքների խզում։

«Հիմա այդ մարդիկ ասում են՝ Հայկը հեղափոխությունից շեղվել է։ Սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար այս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում, ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են արդարացնելու այդ որոշումը»,-հայտարարեց նա։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009