Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է հուլիսի 16-ին Թբիլիսիում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև հանդիպումը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Կարևոր քայլ՝ դեպի համապարփակ կարգավորում: Եվրամիությունը լիարժեքորեն ներգրավված է՝ աջակցելու խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ Հարավային Կովկասին: Կարգավորումն ու հաշտեցումը հնարավոր է միայն ուղիղ երկխոսության միջոցով»,- նշել է Բորելը:
Հիշեցնենք, որ հուլիսի 16–ին Թբիլիսիում տեղի էր ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։
Նախարար Միրզոյանը վերահաստատել էր հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը։Նա շեշտել էր հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։
Կողմերը պատրաստակամություն էին հայտնել շարունակել շփումները։