Կիրակի, 27 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինԿրեմլը հրապարակել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունը

Կրեմլը հրապարակել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունը

Կրեմլը հրապարակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահի Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի` Սոչիում համաձայնեցրած հայտարարության տեքստը։
«Մենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդիպեցինք 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում և քննարկեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։ Վերահաստատեցինք հանձնառությունը` անշեղորեն պահպանելու նշված բոլոր պայմանավորվածությունները` ի շահ ադրբեջանա–հայկական հարաբերությունների համակողմանի կարգավորման, Հարավային Կովկասի խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման և կայուն տնտեսական զարգացման»,– ասված է հայտարարությունում։
Կողմերը համաձայնել են հավելյալ ջանքեր գործադրել` ուղղված մնացած խնդիրների, այդ թվում հումանիտար հարցերի անհապաղ լուծմանը։

Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումը իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծվել է տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի արդիականությունը։

Պայմանավորվել են ձեռնպահ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, բոլոր խնդրահարույց հարցերը քննարկել և լուծել բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա Աթայի` 1991թ. հռչակագրի համաձայն:
Կարևորվել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստումը ՝ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հասնելու նպատակով: Գոյություն ունեցող զարգացումների հիման վրա պայմանավորվել են շարունակել փոխադարձ ընդունելի հանգուցալուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունն ամեն կերպ կաջակցի դրան։
Ընդգծվել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը ՝ ռուսական աջակցությամբ հասարակության, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների ներկայացուցիչների միջև երկխոսությունը շարունակելու, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար:
Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունն այսուհետ ևս նպաստելու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը։
RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009