ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի գերեզմանատներից մեկում տեղի ունեցած վիճաբանության առնչությամբ, որն ավարտվել է հրազենային վիրավորումով և դանակահարությամբ: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից մայիսի 1-ին՝ ժամը 00.40-ին, Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ոմն մեկը հրազենային վիրավորում ունի և գտնվում է Դավիթ Բեկի փողոցում: ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ժամը 01.50-ին արդեն բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել այն մասին, որ տարբեր վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել չորս տղամարդ։
Օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է բժշկական կենտրոն: Ըստ բժշկի տեղեկանքի՝ բուժօգնության տեղափոխվածներն ի վիճակի չէին բացատրություն տալու:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են գործարանային համարի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ փամփշտատուփով, որի մեջ առկա էր 24 փամփուշտ, առանց գործարանային համարի «TT» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփով, որի փողի մեջ խցանված էր մեկ փամփուշտ: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև կրակված 2 պարկուճ, խոհանոցային դանակ և արնանման հետքեր:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: