-6.9 C
Yerevan
Հինգշաբթի, 20 Հունվարի, 2022

Ղազախստան․ կայունացում՝ Ռուսաստանի ազդեցության աճով կամ ճգնաժամի խորացում՝ անկառավարելի հետեւանքներով․ ի՞նչ սպասել

- Advertisement -

Ղազախստանում կատարվողը որոշակիորեն պատկերացնելու համար ներքին ու արտաքին մի քանի գործոններ պետք է համադրել․

Սոցիալ-տնտեսական խնդիրներ

Ղազախստանում նախորդ տարիներին մի քանի անգամ սոցիալ-տնտեսական պատճառներով լուրջ ընդվզումներ եղել էին՝ 2011թ․ երկրի հարավ-արեւմուտքում՝ Մագնիստաուսկի մարզում, նավթագազային ձեռնարկությունների հարյուրավոր աշխատողների գործադուլերն ու ցույցերը՝ սկզբից աշխատավարձերի բարձրացման, հետո նաեւ՝ քաղաքական պահանջներով, որոնց հետեւանքով տասնյակ զոհեր եղան, 2016թ․ հողային օրենսգրքի փոփոխություններին հետեւած ցույցերը, երբ նախատեսվում էր 15 տարով մեծացնել օտարերկրացիների կողմից հողի վարձակալման ժամկետը (դա ընկալվում էր որպես Չինաստանի կողմից տնտեսական կլանման ռիսկերը մեծացնող քայլ), 2019թ․ Նազարբաեւից իշխանության մի մասը Տոկաեւին փոխանցելուց, նախագահական արտահերթ ընտրություններից հետո սկիզբ առած դժգոհությունները՝ կապված դրանց արդյունքների, իշխանության փոխանցման բնույթի, մայրաքաղաք Աստանան Նազարբաեւի պատվին վերանվանելու եւ տնտեսական իրավիճակի հետ։ Հետեւաբար, ժամանակի ընթացքում քաղաքական ու սոցիալական խնդիրներից կուտակված լարվածություն, թեկուզ՝ պասիվ, կար։ Ընդ որում, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում խոսքը համակարգային խնդիրների մասին է՝ Ղազախստանի տնտեսությունը զգալի կախում ունի գազի եւ նավթի արտահանումից ու դրանց գների տատանումներից․ նավթի արտահանման ծավալներով 17-րդն է աշխարհում, նավթի ու գազի մասնաբաժինը տարեկան ընդհանուր արտահանման մեջ գերազանցում է 70%-ն ու կազմում ՀՆԱ-ի մոտ 35%-ը, ուստի տատանումների դեպքում մեծ է նաեւ բացասական ազդեցությունը տնտեսության վրա։

Ղազախստանի տարբեր շրջանների միջեւ կենսամակարդակի տարբերությունը մեծ է՝ նույնիսկ մի քանի անգամ։ Երկրի հարավարեւմտյան՝ Մանգիստաուսկի, Արեւմտաղազախստանյան, Ատիրաույի շրջաններում, որտեղ երկրի նավթի, գազի պաշարներն ու դրանց արդյունահանման գիգանտ ձեռնարկություններն են, բնակչության կենսամակարդակը եւս բարձր չէ՝ բնակչության փոքր մասն է միայն լավ վարձատրվում, հետեւաբար, սոցիալական դժգոհության համար եւս մեկ պատճառ է ավելանում՝ նավթով ու գազով հարուստ շրջաններում ապրողներին ավելի բարդ է բացատրել, թե ինչու են վատ ապրում։ Պատահական չէ, որ հունվարի 2-ին ցույցերը հենց Մանգիստաուսկի շրջանից սկսվեցին՝ հենց այնտեղ, որտեղ 2011թ-ին։ Պատահական չէ նաեւ, որ բողոքի ալիքը պայթեց Ալմա-Աթայում․ այն երկրի ամենախոշոր մեգապոլիսն է՝ մոտ 2 միլիոն բնակչությամբ, բողոքի գործողությունները նման խիտ բնակեցված քաղաքում ավելի մեծ թափ կարող են հավաքել, միջավայրը նպաստավոր է նաեւ այն պատճառով, որ երկրի տարբեր հատվածներից այդտեղ մեծ թվով աշխատանքային միգրանտներ կան՝ բարեկեցության հարցում իրենց դժգոհություններով հանդերձ, ինչը եւս նպաստավոր միջավայր է ստեղծում ընվզման համար։ Սոցիալական ոչ կայուն վիճակն ավելի էր բարդացել կորոնավիրուսի հետեւանքով։

Այլ հարց է, որ սոցիալական բողոքը կայծակնային արագությամբ, քաղաքական երանգներ ստանալով, վերածվեց ուժայինների հետ զանգվածային բախումների, անկարգությունների, որոնց հետեւանքով արդեն իսկ տասնյակ զոհեր կան, որոնց թիվը, վստահաբար, աճելու է։ Ընդ որում, բողոքի ալիքը կտրուկ ուժգնացավ այն բանից հետո, երբ իշխանությունները ստիպված էին Մանգիստաուսկի մարզում, որտեղից սկսվել էին ցույցերը, չեղարկել հեղուկ գազի թանկացումն ու բավարարել բնակչության մյուս պահանջները։ Սա, երեւի, ազդակ է եղել առ այն, որ իշխանությունը լուրջ ռիսկեր է տեսնում ծավալված դժգոհությունների պատճառով, ձգտում է ամեն կերպ զսպել ընդվզման ալիքը, հետեւաբար պատրաստ է գնալ զիջումների, ինչն էլ իր հերթին է խթանել ալիքի ուժգնացմանը։

Պայքար կենտրոնական իշխանության համա՞ր, թե․․․

2019թ-ին Տոկաեւի նախագահ ընտրվելուց հետո մեկնարկած գործընթացը, որը կարելի է պայմանականորեն «իշխանության փոխանցում & պահպանում» կոչել, երեկ շրջադարձային կետի հասավ՝ Նազարբաեւը հրաժարական տվեց երկրի Անվտանգության խորհրդի ցմահ ղեկավարի պաշտոնից։ Այն Նազարբաեւը զբաղեցնում էր հրաժարական տալուց հետո՝ կառավարման զգալի լծակներ պահպանելով, ընդլայնվել էին նաեւ վերջինի լիազորությունները։ Ղազախստանի պետական կառավարման համակարգում առանցքային է նաեւ խորհրդարանի դերը, հատկապես՝ 2017թ․ Նազարբաեւի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների արդյունքում օրենսդիրի ու կառավարության լիազորությունների՝ նախագահի հաշվին մեծացումից հետո։ Սահմանադրությամբ պետության ղեկավարի հրաժարականի դեպքում հենց խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ղեկավարն է փոխարինում նախագահին, ինչպես եղավ Նազարբաեւի հրաժարականից հետո։ Տոկաեւի՝ նախագահ դառնալուց հետո Սենատի ղեկավար էր դարձել Նազարբաեւի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաեւան, որը, սակայն, 2020թ․ մայիսին նախագահ Տոկաեւի որոշմամբ հեռացել էր պաշտոնից ու զրկվել նաեւ սենատորի կոչումից։ 2021թ․ հունվարին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Դարիգա Նազարբաեւան իշխող կուսակցության ցուցակով վերադարձավ խորհրդարանի ստորին պալատ՝ որպես պատգամավոր։ Այս երկու իրադարձությունները հակասական մեկնաբանությունների առիթ էին տվել ժամանակին՝ դիտարկվելով կա՛մ որպես Տոկաեւի կողմից իշխանությունը լրիվ իր ձեռքում կենտրոնացնելուն ուղղված քայլ, իսկ Նազարբաեւայի վերադարձը՝ որպես ներիշխանական պայքարի նոր փուլ, կա՛մ առանց այդ աստառի՝ այլ գործոններով պայմանավորված հեռացում։

Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը Նազարբաեւի համար վերջինն էր․ 2021թ․ ապրիլին նա Տոկաեւին էր փոխանցել Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի, իսկ նոյեմբերին՝ իշխող «Նուր Օթան» կուսակցության ղեկավարի պաշտոնները։ Նազարբաեւի հեռացումից հետո Տոկաեւը պաշտոնանկ արեց նաեւ Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Քարիմ Մասիմովին, որը 2016թ-ից էր զբաղեցնում այդ պաշտոնն ու Նազարբաեւի մտերիմներից է համարվում, առաջին տեղակալին՝ Սամմաթ Օբիշին, որը Նազարբաեւի զարմիկն է։ Նազարբաեւը, լինելով ԱԽ ղեկավար, վերահսկողություն ուներ ուժային կառույցների նկատմամբ թե՛ լիազորությունների, թե՛ իրեն հավատարիմ կադրերի միջոցով, ուստի թե՛ նրան եւ թե՛ նշված պաշտոնյաներին հեռացնելը ուժային կառույցների վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու անհրաժեշտ քայլ էր Տոկաեւի համար, առավել եւս, երբ հունվարի 3-5-ն ընկած ժամանակահատվածում ուժային կառույցները լուրջ դիմադրություն ցույց չէին տվել ցուցարարներին, ինչը նպաստեց իրավիճակի անկառավարելի դառնալուն։ Առավել ուշագրավ է, որ Ալմա Աթայում Նազարբաեւի թիմը մեծ ազդեցություն ունի, ինչն ավելի շատ հարցեր է առաջացնում ուժայինների ձախողման հարցում։

Եթե ճիշտ են ղազախական ԶԼՄ-ների տեղեկությունները, որ Նազարբաեւն իր ավագ դստեր հետ լքել է երկիրը, ապա հավանական է, որ փողոցային ընդվզումն ուղեկցվել է նաեւ ներիշխանական պայքարի սրմամբ։

ՀԱՊԿ խաղաղապահների մուտքը Ղազախստան շատ բան է փոխում

Ղազախստանը Ռուսաստանի համար կարեւորագույն երկիր է՝ որպես ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ ԱՊՀ անդամ հետխորհրդային պետություն, Կենտրոնական Ասիայի տնտեսական լոկոմոտիվ՝ գազի, նավթի եւ, շատ կարեւոր է, ուրանի հարուստ պաշարներ ունեցող երկիր (համաշխարհային պաշարների մոտ 15%-ը՝ երկրորդն աշխարհում Ավստրալիայից հետո, արդյունահանումը՝ մոտ 45%՝ առաջինն աշխարհում), կան ուրանի արտադրության ռուս-ղազախական համատեղ խոշոր ձեռնարկություններ, ղազախական նավթի մոտ 70%-ը համաշխարհային շուկա է արտահանվում ՌԴ տարածքով, վերջինն արտահանվող գազի մեծ մասի գնորդն է: Ղազախստանի հետ Ռուսաստանն ունի ամենաերկար ցամաքային սահմանը (երկրորդն՝ աշխարհում), այդ երկրում է տեղակայված աշխարհի ամենախոշոր տիեզերակայանը՝ «Բայկոնուր»-ը, որը մինչեւ 2050թ․ վարձակալել է Ռուսաստանը, ավելին՝ ՌԴ-ի կողմից հետսովետական տարածքում ամենախոշոր ներդրումները հենց Ղազախստանի տնտեսությունում են կատարվել` այդ թվում նավթագազային ոլորտում: Ղազախստանում մոտ 3․5 միլիոն էթնիկ ռուս բնակչության կա։ Նման բազմաթիվ այլ գործոններ կարելի է երկար թվարկել՝ հատկապես պատմական ու մշակութային կապերի առնչությամբ։

Սրանք իսկ բավարար են հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված Ռուսաստանի օպերատիվ արձագանքը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի տեղակայման տեսքով։ Կենտրոնական Ասիայի երկրներում կայունությունն ու կանխատեսելիությունը Ռուսաստանի համար առավել կենսական է դարձել ԱՄՆ-ի՝ Աֆղանստանից հեռանալուց եւ թալիբների իշխանության գալուց հետո հատկապես, երբ իսլամական ծայրահեղականության ներթափանցման ռիսկերն աճել են։ Եվ այնպես չէ, որ կենտրոնասիական մյուս երկրներում իրավիճակը հուսալիորեն կայուն է՝ 2021թ․ գարնանը ՀԱՊԿ անդամներ Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանային մարտերը՝ որպես թարմ օրինակ։ Եթե ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի միջամտությամբ հաջողվի կայունացնել իրավիճակը Ղազախստանում, դա, բնականաբար, նոր իրավիճակ է ստեղծելու Ռուսաստան-Ղազախստան հարաբերություններում՝ ռուսական ազդեցության զգալի աճի տեսքով եւ փոխելու է տարածաշրջանում իրավիճակը։ Կատարվողն ուշագրավ է օրեր անց սպասվող Ռուսաստան-ԱՄՆ, Ռուսաստան-ՆԱՏՕ եւ Ռուսաստան-ԵԱՀԿ բանակցությունների շեմին, որտեղ անվտանգության երաշխիքների ռուսական առաջարկների, Ուկրաինայի շուրջ բարդ բանակցություններ են սպասվում։ ԱՄՆ պետքարտուղարը Ղազախստանի ԱԳ ղեկավարի հետ է հեռախոսազրույց ունեցել, Սպիտակ տան խոսնակն էլ հայտարարել է, որ ամերիկյան կողմի մոտ հարցեր են առաջացել ՀԱՊԿ-ին ուղղավ դիմումի լեգիտիմության հետ կապված, ինչին ՌԴ ԱԳՆ-ից արձագանքել են, որ ԱՄՆ-ում չեն հասկանում՝ ինչ է կատարվում Ղազախստանում։ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելն էլ իր հերթին է քննադատել ՀԱՊԿ ուժերի կիրառումը։ Արդյո՞ք սա ենթադրում է, որ Արեւմուտքի կողմից չի ճանաչվելու ՀԱՊԿ գործողությունները Ղազախստանում եւ նոր խնդիր է առաջ բերելու՝ այս պահին վաղ է եզրակացնելը, քանի որ օրեր անց Ռուսաստանի հետ երկկողմ ձեւաչափերով բանակցություններում այս հարցը եւս կարող է օրակարգային դառնալ։ Կարեւոր է նաեւ, թե ինչ քայելի կդիմի Ղազախստանի արեւելյան հարեւանը՝ Չինաստանը, որը, հավանական է, այս հարցերի շուրջ արդեն Ռուսաստանի հետ երկկողմ ձեւաչափում գնա պայմանավորվածությունների։

Այս իմաստով ուշադրության է արժանի հենց ՀԱՊԿ-ի կիրառումը։ Մի կողմից՝ սա կառույցին ֆունկցիոնալ դարձնելու եւ իմիջային հարց կարող է լուծել՝ ամիսներ առաջ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների վրա հարձակումների ժամանակ Հայաստանի դիմումներին ՀԱՊԿ-ի պասիվ արձագանքի թողած նստվածքը վերացնելու համար։ Մյուս կողմից՝ միայն Ռուսաստանի (նաեւ՝ Բելառուսի) կողմից ռազմական օգնության տրամադրումը, այն էլ՝ Ուկրաինայի ուղղությամբ լարված իրավիճակի պայմաններում, կարող էր ավելի սուր արձագանքի արժանանալ Արեւմուտքից, ուստի կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմի գործադրումը ՀԱՊԿ կանոնադրության հիման վրա ռիսկերը նվազեցնելու միտում ունի նաեւ։

Առանձին ուշադրության է արժանի Թուրքիայի՝ 3 օր շարունակ պահպանած լռությունը։ Միայն երեկ, երբ արդեն ՀԱՊԿ ուժեր ուղարկելու որոշումը կայացվել էր, Թյուրքալեզու երկրների կազմակերպությունը հայտարարություն տարածեց, ապա որոշվեց կառույցի ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ համաժողով անցկացնել Թուրքիայում, Չավուշօղլուն հեռախոսազրույց ունեցավ Լավրովի հետ՝ քննարկելով այդ թվում Ղազախստանում առկա իրավիճակը, Էրդողանը զանգահարեց Տոկաեւին, նաեւ՝ Ղրղզստանի նախագահին (ընդ որում, երեկ Ղրղզստանի խորհրդարանը դեռ այդ պահին հավանություն չէր տվել իր զորախումբը Ղազախստան ուղարկելու որոշմանը): Արդյո՞ք Անկարայի համար անսպասելի է եղել Ղազախստանում իրադարձությունների նման ընթացքը, եւ արձագանքի ձեւի ու միջոցների անորոշություն է առաջացել՝ չի բացառվում։ Թուրքիայի առնչությամբ շատ կարեւոր նրբություն կա․ 2021թ․ նոյեմբերին Ստամբուլում կայացած համաժողովի արդյունքում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը փոխեց կարգավիճակը՝ դառնալով կազմակերպություն, ինչով, փաստացի, առավել լրջացան Ռուսաստանի սահմանների երկայնքով մինչեւ Կենտրոնական Ասիա Թուրքիայի ազդեցության ընդլայնման առնվազն պաշտոնապես հնչեցվող հավակնությունները։ Կազմակերպությանն անդամակցում են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, դիտորդներ են Թուրքմենստանն ու Հունգարիան։ Եթե առաջիկա զարգացումների արդյունքում Ռուսաստանին հաջողվի զգալիորեն ընդլայնել իր ազդեցությունը Ղազախստանում եւ, կոպիտ ասած, անջատել թյուրքալեզու երկրների puzzle-ից ամենախոշոր կտորը՝ Ղազախստանը, ապա Թուրքիայի տարածաշրջանային հավակնություններն ու կազմակերպության ապագան կարող են բավական անհեռանկարային դառնալ։ Սա Ռուսաստանի համար եւս մեկ կենսական խնդիր է։

Վերջին նորություններ

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն.Զախարովան

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի...
- Advertisement -

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետությունում առաջիկայում կիրականացնեն  կադրային փոփոխություններ: Կհրավիրվեն մասնագետներ,  ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն  ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել:ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի,...

Փարաքարի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց

Փարաքար համայնքի բնակիչների 60 տոկոսը միացել է արտահերթ ընտրություններ անցակացնելու պահանջով ստորգրահավաքին։ Այս մասին կառավարության դիմաց բողոքի ակցիաի ժամանակ տեղեկացրին համայնքի բնակիչները։ Նրանք պահանջում...

«Օմիկրոն» շտամը կամաց-կամաց մտնում է գործողության մեջ, մենք պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեմ պայքարը շարունակում են մնալ պատվաստումները, այս շտամը բավական վարակելիությամբ է աչքի ընկնում է և շատ երկրներում այն կտրուկ աճ է...

Կապակցված նորություններ

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն.Զախարովան

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի...

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետությունում առաջիկայում կիրականացնեն  կադրային փոփոխություններ: Կհրավիրվեն մասնագետներ,  ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն  ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել:ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի,...

Փարաքարի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց

Փարաքար համայնքի բնակիչների 60 տոկոսը միացել է արտահերթ ընտրություններ անցակացնելու պահանջով ստորգրահավաքին։ Այս մասին կառավարության դիմաց բողոքի ակցիաի ժամանակ տեղեկացրին համայնքի բնակիչները։ Նրանք պահանջում...

«Օմիկրոն» շտամը կամաց-կամաց մտնում է գործողության մեջ, մենք պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեմ պայքարը շարունակում են մնալ պատվաստումները, այս շտամը բավական վարակելիությամբ է աչքի ընկնում է և շատ երկրներում այն կտրուկ աճ է...
- Advertisement -