Մայիսի 30-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Մաքսային կարգավորման և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ բրոքերների ապահովագրման թեմային՝ նշելով, որ այն բրոքերները, որոնք իրականացնում են որոշակի ծառայություններ, պետք է օրենքի պահանջով ապահովագրված լինեն, որովհետև խոսքը շղթայված աշխատանքի մասին է։ «Նրանք կարող են տասնյակ կազմակերպությունների սպասարկել կամ այդ կազմակերպությունների պատճառով խնդիներ ունենալ։ Օրինակ՝ զարգացած երկրներում ենթադրենք մեկը էլեկտրական լար է անցկացնում, նա ապահովագրում է այդչափ աշխատանքով, որն իրականացնում է կազմակերպությունը։ Այդ աշխատանքի արդյունքում, եթե վնասվի մալուխ, նա պետք է ապահովագրված լինի կամ ունենա դեպոզիտով իքս գումար»,- նշեց Սուքիասյանը, որին ի պատախան՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը շեշտեց, որ նախատեսվում է մաքսային ներկայացուցիչների ռեեստրի վարման պահանջ, որը գալիս է փոխարինելու նախկին լիցենզավորման պահանջին, քանի որ ռեեստրում հաշվառվելու համար կան դեպոզիտ գումարի և ապահովագրության կարգավորումներ։
Պատգամավոր Խ․ Սուքիասյանը առաջարկեց նաև, որ մասնագիտական կառույցները, օրինակ՝ բժշկական սարքավորումներինը և դեղորայքինը, օրենքով ունենան իրավաբան, որն այդ ուղեկցության ժամանակ ի հայտ կբերի բոլոր խնդիրները և կուղեկցի այդ կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը։ Ֆինանսների նախարարի տեղակալը նշեց, որ անպայման կքննարկվի այս առաջարկը։
Սուքիասյանը նաև առաջարկեց, որ մաքսային արժեքը լինի ծածկագրերով և էլեկտրոնային։ Այս դեպքում, եթե ԵԱՏՄ-ում այդպիսի պայմանի հասնենք, օրինակ՝ ինչ-որ ապրանք ձեռք բերենք Ղազախստանի որևէ կազմակերպությունից, այդ հաշվով ապրանքանիշը ավտոմատ կուղարկվի ՀՀ հարկային մարմին։
«Վերջին հաշվով, մեր հիմնական խնդիրը, որպես պետական մարմին, պետք է լինի նրանում, որ բոլորին հավասար՝ մինչև սպառողին հասնելը պայմաններ տանք»,- նշեց պատգամավորը։
Խաչատուր Սուքիասյանը նաև անդրադարձավ էլեկտրոնային սարքավորումներին՝ նշելով, որ պետք է ապագայում ՀՀ-ում լինի ճկուն հնարավորություն՝ հավաքագրելու ցանկացած գործիք ու սարքավորում, որը կկարողանանք տեսնել էլեկտրոնային կառավարումով։ Սրան ի պատասխան՝ Արման Պողոսյանը նշեց, որ այս հարցը ուշադրության կենտրոնում է, այն կոչվում է կոմպլեկտավորման բեռների հավաքագրման գործիքակազմ, որը հնարավություններ պարունակող գործիք է, որի արդյունքում երկրում կկոմպլեկտավորվեն տարբեր մասերի բեռներ։Barev