15 C
Yerevan
Երեքշաբթի, 11 Մայիսի, 2021

Ովքեր են սեփականաշնորհել և վաճառել Գնդեվազի հողերը

- Advertisement -

Գնդեվազ համայնքում 2006-2018 թթ. հողամասերի առուվաճառքի և աճուրդով վաճառքի գործարքների վերաբերյալ Կադաստրի կոմիտեի տրամադրած պաշտոնական տեղեկատվության շնորհիվ հնարավոր է դարձել պարզել նոր մանրամասներ Ամուլսարի շուրջ հողերի սեփականաշնորհման և վաճառքի մասին։ Կադաստրի կոմիտեն փաստաթղթերը տրամադրել է ԱԺ պատգամավորների պաշտոնական հարցումներին ի պատասխան։

«Հետքը» վերլուծել է այդ փաստաթղթերը և պարզել, որ Գնդեվազի համայնքային հողերի սեփականաշնորհման և վաճառքների գործարքներում ներգրավված են եղել ինչպես նախկին և ներկա պաշտոնյաներ, այնպես էլ նրանց փոխկապակցված անձինք։ 

Մինչև այս գործարքներին անցնելը, վերհիշենք Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանի և նրա որդի՝ Լայերտ Մկրտչյանի գործարքները, որոնց արդյունքում «Գեոթիմ» ընկերությանը (ներկայում՝ «Լիդիան Արմենիա»-ին) վաճառվել էր մեծ հողակտոր։  Ամուլսարի հողերի վաճառքի այս դեպքը հանրային մեծ հնչեղություն էր ստացել։

Հարուցված քրեական գործով առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Հայրապետ Մկրտչյանը 2014թ. հունիսին 10 հա համայնքապատկան հողատարածքը աճուրդով օտարել էր իր որդուն՝ Լայերտ Մկրտչյանին, 410 հազար ՀՀ դրամով։ Ընդամենը մեկ տարի անց՝ 2015թ. հունիսին, Լայերտ Մկրտչյանը այս հողատարածքը վաճառել էր «Լիդիան Արմենիա»-ին՝ 147 մլն 300 հազար ՀՀ դրամով:

 

 

Ինչպես տեսնում ենք այս դատական գործիմեղադրականում, Մկրտչյանների գործողությունների արդյունքում «Գնդեվազ համայնքին պատճառվել է 146 մլն 890 հազար ՀՀ դրամի գույքային վնաս, համայնքի բյուջեն զրկվել է դրամական մուտքերից, համայնքային միջոցներն անձնական շահերին ծառայեցնելով՝ հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմնի բարի համբավը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները»:

Դատական գործը դեռ չի ավարտվել, չնայած դրան՝ Հայրապետ Մկրտչյանը շարունակում է պաշտոնավարել։

Ներկայացնում ենք Ամուլսարի շուրջ հողերի սեփականաշնորհման և վաճառքի մասին նոր մանրամասներ։ 

2011թ. ՀՀԿ նախկին անդամ Արագած Սաղաթելյանը «Վայք» ՋՕԸ-ում զբաղեցնում էր գործադիր տնօրենի պաշտոնը։ Հենց այդ տարվա նոյեմբեր ամսին Գնդեվազ համայնքից նա աճուրդով գնել է 9 հա հողատարածք՝ 620 հազար ՀՀ դրամով։ Մի քանի տարի անց՝ 2016 թ.-ի ապրիլին, Սաղաթելյանը այս հողատարածքը վաճառել է «Գեոթիմ» ՓԲԸ-ին՝ 17 մլն 320 հազար ՀՀ դրամով:

Սաղաթելյանը 2015 թ.-ի հունվարին ընտրվել էր Վայքի քաղաքապետի պաշտոնում, այն ժամանակ քաղաքապետի միակ թեկնածուն էր, առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից։ 2015 թ.-ին «Հետքում» անդրադարձել էինք Խնձորուտ գյուղի ոռոգման ջրի համակարգի կառուցմանը, որը առանց մրցույթի իրականացրել էր Սաղաթելյանին պատկանող ընկերությունը։

Որպես Վայքի քաղաքապետ՝ Սաղաթելյանը պաշտոնավարեց մինչև 2016թ.-ի հոկտեմբեր ամիսը, երբ համայնքի խոշորացման ընտրությունների ժամանակ Վայք համայնքի ղեկավար ընտրվեց անկուսակցական Թարո Ավետյանը։ Այսինքն, հողատարածքը «Գեոթիմ»-ին վաճառելու ժամանակ Սաղաթելյանը Վայքի քաղաքապետն էր։

Արագած Սաղաթելյանը Վայոց Ձորում բավականին հայտնի, մեծ կապեր ունեցող մարդ է։ Նա մարզպետ է նշանակվել երկու անգամ՝ 2012-2014 և իշխանափոխությունիցհետո՝ 2018 թ.-ին: Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ.-ի հուլիսի 6-ին ժամանեց Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրով բնակչությանը հանդիպելու համար, մարզպետ Արագած Սաղաթելյանը ուղեկցում էր նրան: Հետագայում նա ազատվեց պաշտոնից։

 

 

2011 թ.-ին Գնդեվազ գյուղի ավագանուանդամներից Ալյոշա Վարդազարյանին աճուրդով 221 հազար ՀՀ դրամով օտարվել է երկու հողակտոր, ընդհանուր առմամբ 1,3 հա մակերեսով։ Վարդազարյանը 2015 թ.-ին «Գեոթիմ» ՓԲԸ-ին այս հողակտորները վաճառել է 43 մլն 161 հազար ՀՀ դրամով:

Ալյոշա Վարդազարյանի հորը՝ Վասակ Վարդազարյանին և ընտանիքի այլ անդամներին պատկանող 1400 քմ հողատարածքը 2015 թ.-ի փետրվարին վաճառվել է «Գեոթիմ» ՓԲԸ-ին 16 մլն 914 հազար ՀՀ դրամով:

 

 

2014 թ.-ին Գնդեվազի համայնքային հողերից 4,5 հա արոտավայր աճուրդի միջոցով օտարվել է Սուրիկ Միսակի Գրիգորյանին, որը փաստաբանական պալատի անդամ է և  «Մենեջմենթ Միքս» (Management Mix) խորհրդատվական ընկերության տնօրենն է:
Գրիգորյանը 186 հազար ՀՀ դրամով ձեռք բերած հողակտորը ընդամենը մեկ տարի անց՝ 2015 թ.-ին, վաճառել է «Գեոթիմ» ՓԲԸ-ին՝ 17 միլիոն 514 հազար ՀՀ դրամով: Գրիգորյանը Գնդեվազի բնակիչ չէ, գրանցված է Երևան քաղաքում։

 

 

Հատկանշական է՝ Գրիգորյանի և «Գեոթիմ» ընկերության գործարքից մեկ տարի անց՝ 2016 թ. հունիսի 10-ին, «Մենեջմենթ Միքս» խորհրդատվական ընկերության կողմից կազմակերպված քննարկմանը ընկերության խորհրդատու Մհեր Մանուկյանը Banks.am-ի կայքի հետ զրույցում նշել է, որ ընկերությունը նպատակ ունի «աջակցել երկրի տնտեսության առաջատար ոլորտներից մեկին՝ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին»: Այս հանդիպմանը ներկա են եղել նաև «Գեոթիմ» ընկերությունը, ՎԶԵԲ (EBRD) և ՄՖԿ (IFC) ներկայացուցիչներ ու հանքարդյունաբերության ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Ըստերևույթին, ընկերությունը խորհրդատվական ծառայություններ է տրամադրել «Լիդիան Արմենիա»-ին։

Համայնքապատկան հողերի աճուրդով սեփականաշնորհման և մեկ տարի անց վաճառքի մեկ այլ գործարք նույնպես կա։ Այսպես, Գնդեվազի բնակիչ Ալբերտ Մնացականյանը 1,7 հա արոտավայրը 2014 թ.-ի հունիսին Գնդեվազ համայնքից աճուրդով գնել է 70 հազար ՀՀ դրամով և ընդամենը ինը ամիս անց վաճառել է «Գեոթիմ ՓԲԸ»-ին՝ 5 մլն 982 հազար ՀՀ դրամով:

Գնդեվազի գյուղապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Արամ Հարությունյանի որդիները՝ Նարեկ և Մեսրոպ Հարությունյանները, նույնպես վաճառել են ընդհանուր առմամբ 4,5 հա հողատարածք:

Մեսրոպ Հարությունյանը 2007թ.-ի փետրվար ամսին Գնդեվազի համայնքից աճուրդով 62 հազար ՀՀ դրամով գնել է 3 հա հող, որը 2015 թ.-ին «Գեոթիմ» ՓԲԸ-ին վաճառել է 15 միլիոն 710 հազար ՀՀ դրամով։
Իսկ նրա եղբայրը՝ Նարեկ Հարությունյանը, 2008 թ.-ի փետրվար ամսին նույնպես Գնդեվազի համայնքից աճուրդով 52 հազար ՀՀ դրամով գնել է 1,5 հա մակերեսով հող, որը հետագայում՝ 2016 թ.-ի փետրվար ամսին վաճառել է 30 մլն 66 հազար ՀՀ դրամով:

 

 

Գնդեվազի գյուղապետի ու ընտանիքի անդամների խոշոր գործարքները «Գեոթիմ» ՓԲԸ-ի հետ

Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանի ընտանիքը և բարեկամները նույնպես վաճառել են իրենց պատկանող վարելահողերը։

Այսպես, Հայրապետ Մկրտչյանը և կինը՝ Կարինե Նավասարդյանը, իրենց պատկանող 5,697 քմ վարելահողը վաճառել են «Գեոթիմ» ՓԲԸ-ին 64 մլն 195 հազար ՀՀ դրամով:

Վերջին նորություններ

- Advertisement -

Գարիկ Սարգսյանի հրամանով անհիմն ազատում են աշխատանքից․ բուժհաստատության տնօրենն ահազանգում է

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն որոշում է կայացրել աշխատանքից անհիմն ազատել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վահրամյանին։...

Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել․ Դավիթ Համբարձումյան

«Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, ոչ ձեր կողմից նշված համայնքում, ոչ էլ Մասիս քաղաքում։ Հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ...

Կապակցված նորություններ

Գարիկ Սարգսյանի հրամանով անհիմն ազատում են աշխատանքից․ բուժհաստատության տնօրենն ահազանգում է

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն որոշում է կայացրել աշխատանքից անհիմն ազատել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վահրամյանին։...

Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել․ Դավիթ Համբարձումյան

«Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, ոչ ձեր կողմից նշված համայնքում, ոչ էլ Մասիս քաղաքում։ Հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ...
- Advertisement -