Ուրբաթ, 3 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինՈւկրաինայի հայերի միությունը լիովին աջակցում է Ուկրաինային, իսկ Զարեհ Սինանյանի օգնության կարիքը...

Ուկրաինայի հայերի միությունը լիովին աջակցում է Ուկրաինային, իսկ Զարեհ Սինանյանի օգնության կարիքը մենք չունենք. Ուկրաինայի հայերի միության նախագահ

Ուկրաինայի հայերի միությունը (ՈՒՀՄ) աջակցում է իր հայրենիքին՝ Ուկրաինային, և կպաշտպանի այն մինչև վերջ։ Այդ մասին տեսաուղերձում ասել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։

Այս մասին փոխանցում է ua-report.info–ն։

«Սադրանքներից և մեր հայտարարությունների անհասկանալի վերափոխումներից խուսափելու համար հայտարարում եմ, որ ՈՒՀՄ-ն աջակցում է Ուկրաինային, և ՈՒՀՄ-ի հետ առնչվող բոլոր հայերն Ուկրաինան համարում են իրենց հայրենիքը։ Մեր տները, ընտանիքներն, ասյտեղ են, և, ինչ էլ լինի, մենք մինչև վերջ կանգնելու ենք ուկրաինացի ժողովրդի հետ և պաշտպանելու ենք մեր տները»,- շեշտել է նա։

Միևնույն ժամանակ, ՈՒՀՄ նախագահը նշել է, որ հայկական մարզային համայնքների նախագահները իրենց քաղաքներում են, չնայած՝ որոշ տեղերում շրջապատված են և փորձում են բոլորին՝ առանց բացառության, ցուցաբերել ցանկացած օգնություն։ Բացի այդ, ըստ Շատվորյանի, հայկական սփյուռքի մասնավոր հատվածը նույնպես վերակողմնորոշվել է և սննդով է ապահովում կարիքավորներին, այդ թվում՝ զինվորականներին։

Շատվորյանը նաև հիասթափություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության հայերի համայնքի դիրքորոշման վերաբերյալ. «Մենք ակնկալում էինք, որ Ռուսաստանի հայերի միությունը կորդեգրի խաղաղության դիրքորոշումը, կօգնի մարդասիրական միջանցքներով, կզբաղվի այն մարդկանց ազատ արձակմամբ, ովքեր մնացել են մյուս կողմում կամ տեղափոխվել են Ռուսաստան։

Բայց, ցավոք, մենք տեսնում ենք ամեն ինչի բացարձակ ոչ սթափ տեսլականը»,- ասել է նա՝ նշելով, որ ՈՒՀՄ դիրքորոշումը սկզբունքորեն տարբերվում է ՌՀՄ դիրքորոշումից։

Միաժամանակ Վիլեն Շատվորյանը քննադատել է Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքի բացակայության պատճառով։ «Մենք Ձեր օգնության կարիքը չունենք: Բայց Դուք կարող էիք մարդ լինել և ուղղակի դիմել: Բայց Դուք դա չեք անում, և մեզ շատ եք վրդովեցնում»,- ընդգծել է ՈՒՀՄ ղեկավարը։

Նշենք, որ վերջին տվյալներով՝ Ուկրաինայում ապրում է ավելի քան կես միլիոն հայ։

Ինչպես գիտեք, Ուկրաինայի հայերի միությունն արդեն հայտարարություն է տարածել՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ ագրեսիայի հետ։ Հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինայի հայերը դեմ են Ռուսաստանի Դաշնության ռազմական ագրեսիային։ Նշվել է նաև, որ Ուկրաինայի հայ համայնքն ուկրաինացի ժողովրդի հետ պաշտպանում է իր քաղաքները, տները և հարազատներին։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009