Արմեն Չարչյան, Առուշ Առուշանյան, Մխիթար Զաքարյան, Արթուր Սարգսյան, Մանվել Փարամազյան, Մենուա Հովսեփյան, Աշոտ Մինասյան: Այս մարդիկ կալանավայրում են։ Ազգային ժողովի հերթական նիստին Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը և ներկայացրեց, թե այդ մարդիկ ովքեր են։
«Պարզ հարց՝ ո՞ր դեպքում Սյունիքը ավելի պաշտպանված կլինի, եթե այս մարդիկ իրենց տեղում՝ Սյունիքում լինեի՞ն, թե բանտում։ Պարզ հարցիս հստակ, պարզ պատասխան եմ ակնկալում պաշտպանության հստակ, պարկեշտ նախարարից»,–ասաց նա։Հարցին պատասխանելուց առաջ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախ շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար և նշեց, որ դրանք դատական գործընթացներ են։ «Եթե դա հռետորական հարց է, ես հարցին նույնկերպ կպատասխանեմ, ես կարծում եմ, որ ՀՀ–ն յուրաքանչյուր հատվածում ավելի պաշտպանված կլիներ, եթե յուրաքանչյուր դերակատար իր պարտականությունները կատարեր հավուր պատշաճի, այդ թվում նաև քիչ թալաներ»,–ասաց նա։
Արձագանքելով Աղվան Վարդանյանն ասաց, որ ինքը պարզ հարց էր տալիս և գտնում էր, որ պարկեշտությունն այնքան կարևոր հատկություն է, որ այդ հարցին պատասխանելու համար ուրիշ մեկի հուշարարության կարիքը չպետք էր ունենար նախարարը։ «Ցավում եմ, որ պարկեշտ նախարարը նույնիսկ այս հարցին չպատասխանեց, թե որ դեպքում Սյունիքն ավելի պաշտպանված կլիներ»,–ասաց նա։
Ամփոփելով՝ Սուրեն Պապիկյանն ասաց․ «Ես պարզապես կարող եմ ասել, որ Սյունիքը ավելի պաշտպանված կլինի և կդառնա, երբ մենք կատարենք մեր պարտականությունները։ Ես պատրաստվում եմ իմ հնարավորությունների և պարտականությունների շրջանակներում անել ամեն ինչ Սյունիքը ամեն օր ավելի պաշտպանված դարձնելու համար»։