Ուրբաթ, 3 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինՋերմուկում կկառուցվի նոր բնակելի թաղամաս՝ բաղկացած մոտ 300 բնակարանից.Վահագն Արսենյան

Ջերմուկում կկառուցվի նոր բնակելի թաղամաս՝ բաղկացած մոտ 300 բնակարանից.Վահագն Արսենյան

Դեկտեմբերի սկզբին Ջերմուկ խոշորացված համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում Ջերմուկի քաղաքապետ ընտրվեց նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին` Վահագն Արսենյանը։ Վերջինիս համայնքապետ էին նշանակել դեռևս մինչ ընտրությունները և նա ժամանակ է ունեցել շատ ավելի հիմնավոր պատրաստվելու քարոզարշավին:
Դեռ հոկտեմբերին՝ Արսենյանը խոստանում էր Ջերմուկը դարձնել զբոսաշրջային կենտրոն, ստեղծել նոր աշխատատեղեր և ենթակառուցվածքներ։ Անցել է երեք ամիս, սակայն, որևէ գրանցված արդյունք այս խոստումների մասով դեռևս չի նկատվում։ Փոխարենը` Արսենյանը շատ սահուն առաջ է տանում ՔՊ ծրագրերը, ի վերջո հենց ՔՊ ցուցակով էլ վերջինս քաղաքապետ է ընտրվել։ Օրինակ` Արսենյանը և Ջերմուկի ավագանին այլևս որևէ խոչընդոտ չեն ստեղծում կառավարության համար` Ամուլսարի հանքի շահագործումը վերսկսելու մասով։ Թե ինչպես է հանքի վերաբացումը նպաստելու Ջերմուկի` զբոսաշրջային կենտրոնի վերածվելուն` դժվար է ասել, համենայնդեպս հանքերի շահագործման խոստում Արսենյանը չէր տվել։ Գաղտնիք չէ, որ մինչ այս ընտրությունները, թե ՔՊ-ն, թե ինքը՝ Վահագն Արսենյանը, պնդում էին, որ Ջերմուկում առաջնայինը բնապահպանական խնդիրներն են և իրենք թույլ չեն տալու, որպեսզի բնության և զբոսաշրջային գրավչության հաշվին խոշոր հանքաարդյունաբերությունը միլիարդներ վաստակի: Այսօր տեսնում ենք, որ թույլ են տալիս, այն էլ, նույնիսկ, նման կարևորության հարցը առանց հանրային քննարկման դնելու: Փոխարենը, հանրային քննարկման է դրվում դիցուք՝ պուրակի բարեկարգման ծրագիրը:

Ինչ վերաբերվում է ենթակառուցվածքներին, ապա այստեղ իսկապես գրանցվել է որոշակի շարժ։ Սակայն, պետք է հասկանալ, թե ով է այդ իրավիճակում ամենամեծ շահողը և շահառուն, քանի որ շինարարական աշխատանքները իրականացնում է հենց Արսենյանի ընտանիքին պատկանող Ջերմուկ Գրուպը` իր ֆինանսական միջոցներով։ Դիցուք` Ջերմուկում կկառուցվի նոր բնակելի թաղամաս՝ բաղկացած մոտ 300 բնակարանից։ Ծրագրի նախագիծը արդեն կա, իսկ կառուցապատման աշխատանքների մեկնարկը կտրվի 2022 թվականի մայիս ամսից։ Ծրագիրը իրականացվում է «Ջերմուկ Գրուպ» ընկերության կողմից։ Բացի այդ, վերանորոգվում է նաև «Ջերմուկ Գրուպ» ընկերության կողմից գնված Ջերմուկի «Գլաձոր» առողջարանը, որը, արդեն երկար տարիներ է, ինչ աշխատում է մասամբ և սեզոնային։

Ինչպես տեսնում ենք` պաշտոնը ստանձնելուց ի վեր Վահագն Արսենյանի մոտ ընդամենը երկու կարևոր օրակարգ է ձևավորվել։ Առաջինը՝ ջերմուկցիներին հուսախաբ անելն է՝ վերջիններիս, կոպիտ ասած, քցելը, մեկ խոստում տալը և մեկ այլ՝ շատ ծանր փաստի առաջ կանգնեցնելը: Իսկ երկրորդ օրակարգը՝ սեփական բիզնեսի շահերի սպասարկումն է, ինչն էլ Վահագն Արսենյանը հաջողությամբ իրականացնում է քաղաքապետի պաշտոնում:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009