Այսօր առավոտյան ռմբակոծվեց Խարկովի մարզային վարչության հրապարակի շենքը, կան զոհեր: Հիմնական հուժկու հարվածներն այսօր հասցվում են Խարկով քաղաքին, հիմնականում բնակելի թաղամասերին և շենքերին, կան բազմաթիվ տուժածներ և զոհեր: Այս մասին ասաց Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ շատ ընտանիքներ ունեն սննդի և դեղորայքի խնդիր. «Հնարավորության սահմաններում անհատների կողմից օժանդակություն է ցուցաբերվում տվյալ ընտանիքներին: Հացի լուրջ խնդիր է առաջացել։ Ալյուր ենք ճարել, պետք է լավաշ թխենք, բաժանենք։ Հայերը համախմբվել են, կապ են պահում իրար հետ։ Հյուպատոսությունը մշտական կապի մեջ է գտնվում քաղաքացիների հետ»,-նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ բնակչության շրջանում խուճապ կա:
Վերջինս նաև հավելեց, որ Մարիուպոլ քաղաքում այսօրվանից վնասվել է էլեկտրոցանցը և էլեկտրաէներգիա չի լինելու, հետեւաբար, բնակարաններում ջեռուցում ևս էլ չի լինի։