Հիմա արդեն կարող ենք ստույգ արձանագրել՝ բնության նման քմահաճույքին դիմագրավելուն նույնպես պատրաստ չէինք…
Դա հատկապես երեւում է Գորիս քաղաքում եւ տարածաշրջանային այդ կենտրոնը մերձակա գյուղերին կապող ճանապարհներին:
Իհարկե, Մ-2 մայրուղում եւ Շինուհայրի խաչմերուկից Տաթեւ ձգվող ճանապարհին ջանադրաբար աշխատում են «Ոսմար» ՍՊ ընկերության ձյունմաքրիչ մեքենաները:
Գորիս քաղաքում էլ աշխատում է համայնքային տնտեսությանը պատկանող ձյունմաքրիչ մեքենան, բայց…
Ստեղծված անսովոր վիճակը, որի նախադեպն ունեցել ենք տասնյակ տարիներ առաջ, պետք է արդեն իսկ ոտքի հանած լիներ տարածաշրջանի բոլոր այն շինկազմակերպություններին եւ տնտեսվարող մյուս սուբյեկտներին, որոնք ունեն համապատասխան տեխնիկական միջոցներ:
Գորիսում բազմաթիվ շինարարական կազմակերպություններ ունենք, ովքեր տարիներ շարունակ ինչ-ինչ մրցույթներում եւ ինչ-ինչ ուղիներով հաղթող են ճանաչվել եւ պետպատվերով ոչ միայն գոյատեւել, այլեւ փթթել…
Ինչո՞ւ չպետք է հենց այդ կազմակերպությունները (առաջին հերթին) իրենց տեխնիկական հնարավորությունները ծառայեցնեն ճանապարհների եւ փողոցների մաքրմանը:
Հետո ի՞նչ, որ նրանց ասող-հուշող չկա…
Հետո ի՞նչ, որ ասողներն էլ դա չեն հասկանում…
Այո, անհրաժեշտ է ոտքի հանել լրացուցիչ ձյունմաքրիչ տեխնիկա:
Պետք է նաեւ նկատի ունենալ, որ ձյան տեղումները դադարելուց հետո (ինչպես ավանդաբար տեղի է ունենում այս կողմերում) ձնաբուքն անխուսափելի է լինելու՝ դրանից բխող հետեւանքներով: