Մի շարք հայաստանյան ՀԿ-ներ եւ բնապահպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությանը:«2023 թվականի մայիսի 12-ին՝ ԱՃԹՆ Բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) խմբակցության մայիսի 11-ի հայտարարության հրապարակումից հետո, ստացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ մեր դեռևս 2023թ. օգոստոսի 26-ին գրված նամակի պատասխանը, որի վերաբերյալ դիտարկումները ներկայացվում են ստորև։
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն իր պատասխանում նշել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը կարծիքի է ներկայացրել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության բոլոր չորս տարբերակները, հավանաբար՝ համարելով, որ այդպիսով կատարել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջը ռազմավարական էկոլոգիական գնահատում (ՌԷԳ) իրականացնելու վերաբերյալ։
Ստիպված ենք հստակեցնել, որ ՀՀ օրենսդրությունը, հիմք ընդունելով տնտեսական զարգացման ծրագրերի բացասական ազդեցությունների հավանականությունը, նախատեսում է ոչ միայն ընթացիկ համագործակցություն համապատասխան գերատեսչությունների հետ, այլև՝ բավականին մանրամասնորեն կարգավորված գործընթաց՝ նվազեցնելու հնարավոր բացասական հետևանքները։ Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ օրենսդրության տվյալ պահանջները մշակվել են հիմք ընդունելով տվյալ ոլորտին առնչվող միջազգային ստանդարտներն ու փորձը։
Այսպես՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն
հոդված 4, մաս 1, կետ 6-ով՝ հիմնադրութային փաստաթղթերի շարքին են դասվում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փաստաթղթերի, այդ թվում՝ քաղաքականություն, ռազմավարություն, հայեցակարգ, բնական ռեսուրսների օգտագործման սխեմա, ծրագիր և այլ, նախագծերը.
նույն հոդվածի մաս 1-ի կետ 9-ով՝ ռազմավարական գնահատումը հիմնադրութային փաստաթղթի գործողության արդյունքում հնարավոր ազդեցության ամբողջական, գումարային գնահատման գործընթացն է, որի արդյունքում նույն հոդվածի, մաս 1-ի կետ 25-ով՝ նախատեսվում է ունենալ առանձին հաշվետվություն ․
հոդված 14-ի մաս 1-ով ռազմավարական գնահատման և փորձաքննության, ի թիվս այլոց, ենթակա են ընդերքօգտագործման, արդյունաբերական ճյուղերի, սոցիալ-տնտեսական, առողջապահության, բնապահպանության, թափոնների օգտագործման, ջրային տնտեսության բնագավառներին վերաբերող հիմնադրութային փաստաթղթերը, որոնց բոլորին, փաստացի, վերաբերելի են Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը․
հոդված 16-ով ՌԷԳ-ն իրականացվում է փորձաքննության նախնական փուլում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված տեխնիկական առաջադրանքի հիման վրա․
հոդված 17-ով ներկայացվում է հիմնադրույթային փաստաթղթերի ՌԷԳ գործընթացը․