Նահապետ Նվերի Մարգարյան։ Ծնվել է 1990 թվականի հուլիսի 23-ին՝ ՀՀ Վայոց Ձորի մարզի Թառաթումբ գյուղում։ Ազնվության, բարության տիպար էր։ Դպրոցական տարիներից նրա մեջ հայրենապաշտություն ձևավորվեց, որն արտահայտվում էր նրա յուրաքանչյուր շարժուձևում, կենսակերպում։ Միշտ սիրում էր կռիվ-կռիվ խաղալ, ուրիշ երեխաներ ձյունից ձնեմարդ էին պատրաստում, ինքը՝ տանկ՝ աներևույթ թշնամու հետ ինչպես որ է՝ կռվելու համար։ Ընկերների հետ կռիվներում երբեք ծայրահեղ իրավիճակների մեջ չէր ընկնում, ամեն ինչ հարթում էր խելքի մտոք և բարեգթաբար։ Հարգված էր, ընդունված, հեղինակություն էր՝ հասակակիցների մեջ։
-«Առաջինը՝ հայրենիքը, ապա ընտանիքը»՝ սա՛ էր Նահապետի ապրելու անխախտ սկզբունքը։ «Ես հայրենիքինն եմ»,-հարազատներին ի պատասխան, մշտապես սիրում էր կրկնել նա։
2007 թվականին ավարտեց Թառաթումբի միջնակարգ դպրոցը։ Այնուհետև, ընդունվեց ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Ծնողներից ոչ ոք չմիջամտեց այդ գործում։ Ամեն ինչ արեց ինքնուրույն։
-Միշտ ասում էր՝ ես պիտի գեներալ դառնամ,-արցունքն աչքերին՝ փաստում է մայրը՝ Էլմիրա Ենոքյանը։
Մինչև 2011 թվականը սովորեց ռազմական համալսարանում։ Այստեղ գերազանց սովորելու համար Նահապետին շնորհեցին ավագ լեյտենանտի կոչում, և երբ վիճակահանության միջոցով ուղարկվեց ծառայության Կապանի ՆՆ զորամաս, այդտեղ նշանակեցին որպես վաշտի հրամանատարի տեղակալ,-խորին վշտով ու ներքին հպարտությամբ տեղեկացնում է Նահապետի հայրը՝ Նվեր Մարգարյանը՝ ավելացնելով՝ թե՛ սովորելու, թե՛ ծառայության տարիներին մշտապես արժանացել է մի քանի տասնյակ գովասանագրերի, պատվոգրերի, մեդալների։ 2011-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից արժանացավ «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալի։
Այնուհետև, մեկուկես տարի հետո լավագույն ծառայության համար նշանակվեց վաշտի հրամանատար՝ կապիտանի կոչմամբ։ 2015 թվականին տեղափոխվեց Վայքի զորամաս՝ որպես երկրորդ գումարտակի վաշտի հրամանատար։ 2016 թվականին լավագույն ծառայության համար ստացավ բազմաթիվ պատվոգրեր, և նրան շնորհեցին մայորի կոչում՝ նշանակելով երկրորդ գումարտակի շտաբի պետ։ 2017 թվականին ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվեց «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով, նաև՝ «Վազգեն Սարգսյան» մեդալով։ 2018 թվականին՝ ՀՀ-ում կայացած Ռազմամարզական մրցույթի ժամանակ, Նահապետի ղեկավարած գումարտակը գրավեց երկրորդ պատվավոր տեղը։ Այդ թվականին պարգևատրվեց Հայաստանի երկրապահների հուշամեդալով՝ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանի համաձայն։
Լավագույն ծառայության համար՝ որպես լավագույն սպա, «Պատիվ ունեմ» խորագրի ներքո, հերոսի նկարը փակցված է Սևան քաղաքի, նաև՝ Աշտարակի ճանապարհային պաստառների վրա։
2020 թվականին՝ գերազանց ծառայության համար, Նահապետ Մարգարյանին շնորհվեց փոխգնդապետի կոչում՝ որպես առաջին գումարտակի հրամանատար։ Այդ թվականին ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվեց «Մարտական հերթապահության համար» 1-ին աստիճանի մեդալով։ 2021 թվականին անվախ հայորդուն «Արիության մեդալ» է շնորհվել՝ ՀՀ նախագահի հրամանագրով։ 44 -օրյա պատերազմին մասնակցեց իր գումարտակով։ Համապատասխան զորավարժություններից հետո, հոկտեմբերի 1-ից մինչև 10-ը եղավ առաջնագծում՝ Ջրականում՝ մասնակցելով մի շարք թեժ մարտերի՝ միահամուռ ուժերով թշնամուն հետ շպրտելով 10-15 կմ։ Այնուհետև, ղեկավարեց ավելի թեժ մարտեր․ երկրորդ գումարտակի հրամանատարին զոհվելուց հետո Նահապետը միավորեց այդ գումարտակն իր գումարտակի հետ՝ վարելով մարտը միահամուռ ուժերով։ Հետո թշնամու կողմից լարված ծուղակի մեջ ընկան, փրկվեցին գերագույն ճիգերի շնորհիվ՝ տալով շատ քիչ զոհեր։ Երբ հայկական կողմի ՍՈՒ-25 ինքնաթիռը խոցվեց թուրքերի կողմից, Նահապետն իր գումարտակով թշնամուն հետ մղելով՝ փրկեց հայ օդաչուի՝ բարձրաստիճան սպայի կյանքը։ Մինչև 44-օրյա պատերազմի ավարտը մնաց ռազմադաշտում։ 44-օրյա պատերազմից հետո Նահապետ Մարգարյանը ժողովրդի կողմից նոր կոչում ստացավ՝ Վայոց Ձորի Սպարապետ։ Այդ ժամանակաընթացքում ինքը՝ քաղաքացիական հագուստով, Կարմիր Խաչի աշխատակիցների հետ մեկտեղ, որոնողափրկարարական աշխատանքներ իրականացրեց՝ փորձելով գտնել իր ենթակայության տակ ծառայած զինվորների մարմինները։ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից պարգևատրվեց «Արիության համար» մեդալով։ Այնուհետև, իր գումարտակի հետ գործուղվեց Սև լիճ՝ պաշտպանելու Սյունիքի մի նշանակալից հատված։ Մոտ երկու ամիս պաշտպանեց այդ թեժ գիծը, որից հետո պաշտպանական գործողությունների անցավ Վայոց Ձորի տարածքում՝ բազմաթիվ անգամներ հանդես գալով անձնվեր առաքելությամբ ու հաղթահարելով մի շարք մահացու վտանգներ։ 2022 թվականի սեպտեմբերի 28-ը ճակատագրական եղավ այդ խիզախ հայորդու համար․ Ջերմուկի սահմանները պաշտպանելիս քաջաբար զոհվեց խիզախ հրամանատարը՝ թշնամու Բայրաքթարի հարվածից։
-Բառերը կարծես ավելորդ են՝ նշելու մեր որդու մեծությունը։ Առաջինն էր ամեն ինչում՝ հրամանատար՝ կյանքի բոլոր ոլորտներում։ Մի աշխարհ էր մեզ համար Նահապետը, մեր հույսն ու հավատը, մեր սերն ու երջանկությունը, չափազանց օրինակելի էր՝ իր վարքագծով, չափազանց մարդկային՝ իր տեսակով։ Մարդամոտ էր, բարեսիրտ, մեծահոգի, պատրաստակամ, թույլին ու տկարին՝ միշտ սատարող,-մեծագույն վշտով փաստում են ծնողները։
— Նահապետի համար կյանքի կերպ էր դարձելԳարեգին Նժդեհի հետևյալ արտահայտությունը․ «Հայրենիքից զատ, Հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները»,- հպարտ ու վշտահար՝ փաստում է հերոսի հայրը՝ Նվեր Մարգարյանը, ապա ավելացնում՝ երբեք որևէ հարցով ինձ չի հակաճառել։ Մենք մշտապես հորդորում էինք իրեն՝ զգույշ լինել։ Ինձ միշտ ասում էր․ «Դու հայրենի հողը համբուրած կա՞ս։ Ես չոքել ու համբուրել եմ իմ սուրբ հողը, որը հարկ եղած դեպքում պաշտպանելու եմ իմ կյանքի գնով։ Ինձ մի՛ խանգարեք»։ Իր ամեն խոսքի մեջ հայրենիքն էր, սերն ու ակնածանքը՝ նրա հանդեպ,-ասում է ու ճիգով հանդարտեցնում ներքին մորմոքը։
-Իր որդուն երկու տարեկանից արդեն պատրաստում էր հայրենիքի հերոս պաշտպան դառնալու,-արցունքն աչքերին՝ ավելացնում է հերոսի մայրը՝ Էլմիրա Ենոքյանը։
-Իր վերջին ծննդյան օրը՝ 2022 թվականի հուլիսի 23-ին, ինքը տուն չեկավ։ Ե՛ս գնացի իր մոտ՝ դիրքեր։ Անկեղծացավ։ Ասաց, որ զգում է՝ վտանգվա՛ծ է իր կյանքը, բայց ոչ մի անգամ հետ չի կանգնելու իր սուրբ հայրենիքը պաշտպանելու մտքից,- հուզմունքով՝ իր ասելիքն է լրացնում հերոսի հայրը։
Թառաթումբ գյուղի միջնակարգ դպրոցի համակարգչային դասարանը կոչվում է Նահապետ Մարգարյանի անունով։
Նահապետ Մարգարյանին հետմահու՝ 2023 թվականի հունվարի 19-ին, ՀՀ նախագահ Վ․ Խաչատուրյանի կողմից շնորհվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան։
Երկու անուշիկ բալիկ ունի Նահապետը՝ վեցամյա Մարիան ու չորսամյա Դանիելը։
-Բոլոր հերոսները երկնքում են ապրում, Հիսուսի կողքին,-համոզված է Մարիան,-հայրիկս էլ է այնտեղ։
-Գիտեմ,-հայրիկս երկնքում է,-ամեն օր հույսով՝ հայացքը դեպ վեր է հառում փոքրիկ Դանիելը,-ի՞նչ կլինի, ամպերը ետ քաշենք՝ հայրիկս իջնի․․․
Հերոսի կինը՝ Լիլիթ ՈՒռուսյանը, դժվարությամբ նկարագրեց իր հերոս ամուսնուն՝ մի կերպ խեղդելով արցունքները․
-Դժվար է խոսելը, անշուշտ։ Լավագույն ամուսին էր, լավագույն հայր, լավագույն ընկեր՝ բոլոր առումներով։ Յուրօրինակ մարդ էր ինձ համար Նահապետը։ Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Ինքն իմ կեսը չէր, ամբողջն էր, իմ կյանքի իմաստը։ Ազատ ժամերին ընտանիքի հետ էր։ Երեխաների հետ խաղում էր երեխաների՛ պես։ Ամեն քայլ անելուց իր՝ ինձ տված խորհուրդներն եմ հիշում ու դրանցով առաջնորդվում։ Դատարկ է իմ աշխարհն առանց Նահապետի,-ասաց՝ վշտահար ու մորմոքը սրտում։
․․․Հյուրասենյակի աջ անկյունում Նահապետի փառքի անկյունն է՝ բուրավետ ու թարմ վարդերի փնջով՝ հերոսի՝ մանկությունից ի վեր ունեցած նկարներով։ Այդ նկարներից բարություն է ծորում, սեր, խանդաղատանք՝ հայրենիքի, ընտանիքի, հարազատության նկատմամբ, ապրելու մեծ տենչ։ Այդպես էլ մնաց հավերժ երիտասարդ, ժպիտը՝ դեմքին, 32 տարեկան՝ պարթև ու գեղեցիկ, հոգով ու սրտով՝ հայրենիքի նվիրյալ, հայրենիքի հետ, ողջ գիտակցությամբ՝ հայրենի երկրին ու հարազատ բնօրրանին սիրահարված․․․
Մենք հաղորդակից եղանք մեծագույն պատվով ապրած մի հերոսական կյանքի պատմության, որտեղ ընդհատված կյանքը, հուսանք, մի նոր, խնդիրներից զերծ կյանքի սկիզբ կդնի։ Նահապետ Նվերի Մարգարյանն իր խիզախությամբ հայոց պատմության էջերում իր լուսավոր ու պայծառ անունը քանդակեց՝ անձնվիրությամբ սերունդներին հայրենապաշտության դասեր տալով և խոսուն լռությամբ հայրենիքը սիրելու իր բանաձևը պատգամելով։
Հավե՜րժ փառք հայրենիքի նվիրյալ նահատակ Նահապետ Մարգարյանին․․․