Այսօր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։
«Ես պետք է ևս մեկ անգամ ընդգծեմ, որ տեղի ունեցածը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Ես անհրաժեշտություն եմ զգում ևս մեկ անգամ հայտարարելու այդ մասին, քանի որ մենք լսում ենք հայտարարություններ, որոնցում ասվում է, որ մարդիկ ինքնակամ լքել են իրենց տները։ Դա այդպես չէ»,– ասել է նա։
Ֆրանսիայի արտգործնախարարը շեշտեց, որ այս փաստին հստակ գնահատական տալը կարևոր է, ու հավելեց, որ այդ սուտը ոչ մեկին չի մոլորեցնի։
«Մարդասիրական այս սարսափելի աղետի պայմաններում Ֆրանսիան 12,5 մլն եվրոյի օգնություն է հատկացրել Հայաստանին, որն ուղղված է բռնի տեղահանվածների համար արժանապատիվ պայմանների ապահովմանը։ Ես խոստանում եմ, որ այդ օգնությունը կլինի շարունակական և կրկին կտրամադրվի, եթե անհրաժեշտություն առաջանա»,– ասել է Կոլոննան: