Lratvutyun.am

Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ | Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան | ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ | Իսրայելն ու Ադրբեջանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում | Պայմանագրային զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային վիրավորումով․ ՔԿ | Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ | Հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր | Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս | Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ | Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել | Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. փաստաբան | Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա | Փաշինյանը վստահ է, որ եթե սահմանազատման վերջում տարածքների փոփոխման հանրաքվե անեն՝ մարդիկ կողմ են քվեարկելու (տեսանյութ) | Ոչ մի բան էլ չի լինի.Գագիկ Մելքոնյան | Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան | 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան | Նիկոլ Փաշինյանը Մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա Պուտինի հետ | Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները | ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար | Իսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը |

Գիտելիքի և բովանդակության խորքն է կարևոր, «զուբրիդ» արած տեքստն ուրիշ է, տեքստին տիրապետելն ուրիշ է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 4-ին այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով:ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև նախատեսվող բարեփոխումներին։

Խոսելով ատեստավորման գործընթացի կարևորության մասին՝ վարչապետը նշել է. «Գիտելիքի և բովանդակության խորքն է շատ կարևոր: Կներեք, «զուբրիդ» արած տեքստն ուրիշ է, տեքստին տիրապետելն ուրիշ է: Ի՞նչն է խնդիրը: Հասկանո՞ւմ եք, երբ կրթության ոլորտի մարդիկ ասում են՝ գիտեք ինչ, եկեք այս 3 հարցին պատասխանեմ, այն 50 հարցը թեմայի հետ կապ չունի, գուցե ճիշտ է, բայց ինչ-որ բան կա, մեզ համար դիսկոնֆորտ կա, որովհետև մենք ուզում ենք գիտելիքի խորքն իմանալ: Մենք աշակերտի համար ենք դա անում: Աշակերտներ կան, հույս ունենք, որ կշատանան այդ աշակերտները, որոնք այդ շրջանակի մեջ չեն, իրենք ընկալում են և այնպիսի հարցեր են տալիս: Ես կարծում եմ, որ դա մեծ ողբերգություն է և մեծ դեմոտիվացիա է աշակերտի համար, եթե ինքը հարց է տալիս ուսուցչին և հասկանում է, որ ուսուցիչը բացարձակապես գաղափար չունի իր տված հարցի հետ: Ոչ ոք ամեն ինչ չի կարող իմանալ, բայց դասի ընթացքում մտքի աշխատանք պետք է տեղի ունենա, և այն, ինչ չգիտես, պետք է նաև դա իմանաս, թե ոնց հարաբերվես: Եվ այստեղ գիտելիքի խորքի խնդիր կա»:

Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ավելի վաղ կարծել է, թե դասվարներից ոչ ոք թեստային աշխատանքից չի կտրվի. «Փաստը ցույց տվեց, որ չէ, 1-4-րդ դասարանների դասվարներ կան, որ կտրվում են: Այդտեղ մտածում ես՝ առարկայի ծրագրի ի՞նչ հարցեր պետք է տրվեն, որ բարդ լինի ուսուցչին պատասխանել»:

Արձագանքելով՝ վարչապետը հավելել է. «Հասկանո՞ւմ եք դա ինչ է նշանակում: Մեր տարրական դպրոցի ուսուցիչն ատեստավորումից կտրվում է: Իմ խնդիրը ոչ ուսուցիչն է, ոչ կտրվելը, իմ խնդիրը երեխան է: Ի՞նչ ենք անում, երեխայի ապագայի վրա ի՞նչ ազդեցություն ենք ունենում նման անպատասխանատվությամբ»:

Նախարարի խոսքով՝ փաստը մնում է փաստ, որ կամավոր ատեստավորումը ախտորոշում է ուսուցիչների հետ կապված խնդիրները, որքան էլ դա դուր չգա: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ատեստավորմանը չմասնակցելու դիմադրությունը նաև հենց դրանով է պայմանավորված:

Միաժամանակ նշվել է, որ ուսուցիչների խրախուսման մյուս համակարգը տարակարգն է: Նախորդ տարի 101 ուսուցիչների շնորհվել է տարակարգ. առաջին անգամ ունենք նաև 4-րդ աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչներ, որոնց աշխատավարձը 50%-ով բարձրացել է։

Ի պատասխան վարչապետի հարցին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, կամավոր ատեստավորման գործընթացի շրջանակում ստուգվում է ուսուցիչների՝ առարկայի իմացության մակարդակը: «Այսինքն՝ դա բացառապես տվյալ առարկայի իմացությունը ստուգող թեստ է: Բայց բացի դրանից, որպեսզի համարենք, որ ուսուցիչը լավ ուսուցիչ է, պետք է հասկանանք, թե ինչքանով է ճիշտ պլանավորում դասը, ինչ մանկավարժական մեթոդներ է կիրառում, ինչպես է հետադարձ կապ ապահովում երեխաների հետ դասարանում: Տարակարգը կարծես երկրորդ կտորն է ծածկում: Դրա համար մենք ինչո՞ւ փոխեցինք կարգը: Նախկինում, որպեսզի տարակարգ տային, ուզում էին ուսուցչի ստացած շնորհակալագրերը, պատվոգրերը, ինչ-որ փաստաթղթային բաներ, կամ հոդվածներ, որոնք երբեմն տպագրվում էին ինչ-որ անհասկանալի ամսագրերում: Մենք հիմա ուսուցիչներից ուզում ենք իրենց անցկացրած դասերի տեսագրությունը, որ տեսնենք, թե ինչպես է ուսուցիչը դաս անցկացնում, ինչքանով է տեխնոլոգիաներ կիրառում, ինչքանով է երեխաներին ընդգրկում դասի մեջ, արդյոք կենտրոնանում է մեկ-երկուսի վրա, թե ամբողջ դասարանը մասնակցում է: Ուզում ենք իր դասի պլանները, այսինքն՝ օրինակ, ֆիզիկայից պիտի թեման բացատրի, ինչպես է պլանավորել, ինչ հերթականությամբ, ինչ տրամաբանությամբ»,- մանրամասներ է ներկայացրել Ժաննա Անդրեասյանը:

Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Մենք տարակարգ ստանալու բովանդակությունը, ըստ էության, փոխել ենք: Այսինքն՝ մանկավարժական մեթոդների և դասավարման պրոցեսի հետ ենք կապել և տեսանյութերով դա ստուգելի է, թե ոնց են ստանում տարակարգ»:

2023 թ. ներդրվել է ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանն ուղղված երկու այլ ծրագիր ևս՝ բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների 25% հավելավճարի տրամադրումը, որի շրջանակում շուրջ 8420 ուսուցչի աշխատավարձը բարձրացել է 1 ուսուցչի հաշվով միջինում 32 000 դրամով և մինչև 100 սովորող ունեցող գյուղական դպրոցների ուսուցիչների խրախուսում, որի շրջանակում գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցներում դասավանդող 3987 ուսուցչից 2975 ուսուցչի աշխատավարձի ավելացում է եղել 0,5 դրույքի չափով՝ միջինում 1 ուսուցչի հաշվով 71 700 դրամից դարձել է 115 300 դրամ:

Հանրակրթական դպրոցների կառավարման նոր համակարգը ներդրվել է 170 դպրոցում, որոնց տնօրենների պաշտոնավարման ժամկետը լրացել է 2023թ.-ին։ Կառավարման նոր համակարգի անցած դպրոցներում կրթության բովանդակային և վարչատնտեսական գործառույթների կառավարումն առանձնացված է:

Սեպտեմբերից դպրոցներում ներդրվել է ֆինանսավորման նոր մոդել, որի համաձայն նախկինում գործող երեխա-թվով ֆինանսավորումից անցում է կատարվել դասարան-թվով ֆինանսավորման, ինչն, ըստ պատասխանատուների, թույլ է տալիս առավել լավ պլանավորել ուսումնական գործընթացը։ Նոր ֆինանսավորմամբ նպատակային տողեր են առանձնացված նաև միջավայրի մատչելիության, խելամիտ հարմարեցումների, լաբորատոր նյութերի և այլնի համար։ Ֆինանսավորման նոր մոդելով ուսուցչի 22 ժամ դրույքաչափը նոր չափորոշիչի ներդրվող դասարաններում հաշվարկում է տարրական դպրոցում 18 ժամ, միջին և ավագ դպրոցներում՝ 20 ժամ։

Մարզերում գործող դպրոցների տարրական դասարանների բոլոր սովորողները` 135 hազար աշակերտներ, օգտվում են «Դպրոցական սնունդ» ծրագրից; Նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում 2025թ.-ից Երևանի դպրոցներում ևս ծրագիրը ներդնելու ուղղությամբ։

Շարունակվել է Կառավարության «300 դպրոց-500 մանկապարտեզ» ծրագրի իրականացումը։ Հաստատվել է ծրագրում ընդգրկված 293 դպրոցների ցանկը, դպրոցների մեծ մասի շինարարությունը կմեկնարկի 2024թ. տարեսկզբին։ 2023թ. ավարտվել են 29 դպրոցների և 114 մանկապարտեզների շինարարական աշխատանքները: Նոր կառուցված 29 դպրոցի մարզադահլիճի և 24 դպրոցի համար հատկացվել է գույք։ ԲՏճՄ լաբորատորիաներով են համալրվել Արմավիրի մարզի 88 դպրոցներ և բոլոր նորակառույց դպրոցները:

Վարչապետը նշել է, որ պետք է մոնիթորինգ իրականացվի բոլոր ծրագրերի արդյունքները գնահատելու համար: «Ծրագիր ընդունեցինք, պետք է մոնիթորինգ անենք, վերադառնանք բացարձակապես բոլոր ծրագրերին: Կառավարության նիստում էլ ասացի, մենք ֆինանսավորում ենք, այդ փողը ինչի՞ համար ենք տալիս: Փողը որոշակի քաղաքական նպատակի տրանսպորտային միջոց է, մենք ուզում ենք այդ նպատակը հասցնել տեղ: Պետք է գնանք, տեսնենք մեր նպատակը տեղ հասե՞լ է, թե տեղ չի հասել: Ի վերջո, ո՞րն է մեր նպատակը: Մեր նպատակն աշակերտն է, աշակերտին դրանից լա՞վ է, թե՞ վատ: Եթե պարզվի, որ աշակերտին դրանից լավ է, իսկ լավն ու վատը որոշվում է չափորոշիչով: Դա էլ է լավ, որ մենք գիտենք, թե ինչն է լավ, ինչն է վատ: Այսինքն, եթե գնում ենք տեսնում լավ է, շարունակենք, եթե տեսնում ենք լավ չէ, մտածենք, թե ինչ անենք»:

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում Կառավարության կողմից հաստատվել և ԱԺ քննարկմանն է ներկայացվել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը հնարավորություն կտա բարձրացնելու մասնագիտական կրթության որակը։ 13 ուսումնական հաստատությունում ընթանում են շինարարական աշխատանքներ, 7 հաստատություններ համալրվել են նոր գույքով։

Գերակա մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության բարձրացման նպատակով վերանայվել է կրթաթոշակային քաղաքականությունը. գյուղատնտեսության, արդյունաբերության և շինարարության ուղղություններով սովորող ուսանողներին հատկացվել է 50 հազար դրամ կրթաթոշակ, որն ուղղակի ազդեցություն է ունեցել ընդունելության ցուցանիշների վրա:

Շեշտվել է, որ գիտության և բարձրագույն կրթության ոլորտում ամենակարևոր աշխատանքն «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հաստատումն ու «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ստեղծումն է:

Ժամանակակից արվեստի և գրահրատարակչության բնագավառում հաշվետու տարում ներդրվել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավոր­ման նոր մոդելը, որը պիլոտային ռեժիմով կիրականացվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում: Հաստատվել է թատերահամերգային կազմակերպությունների ստեղծագործական անձնակազմի մասնագիտական որակավորման քննություններ անցկացնելու օրինակելի կանոնակարգը՝ սահմանվել են ելույթավճարների սկզբունքները: Օպերային թատրոնում արդեն իսկ կիրառվող ելույթավճարների նոր մոդելի արդյունքում նվագախմբի երաժշտի միջին ամսական աշխատավարձը կազմում է 333 000 դրամ, որից ելույթավճարը՝ 103 000 դրամ, աշխատավարձը՝ 230 000 դրամ: Աշխատավարձերն Օպերային թատրոնում նախորդ տարի աճել են 40 տոկոսով:

Փոփոխություն է կատարվել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում կիրառվելու է ներդրումների մասնակի վերադարձի (cash rebate) համակարգը։ Կինոյի ոլորտի և կինոյի արտադրության զարգացմանը մեծապես նպաստել է նաև ճանաչված և հեղինակավոր կինոարտադրողների հետ համագործակցությունը: Մասնավորապես, հուշագիր է ստորագրվել «Փիփլ օֆ Ար» ընկերության հետ, համագործակցություն է նախանշվում նաև «Նեթֆլիքս»-ի հետ։ «Ամերիկացին» լիամետրաժ կինոնկարն ընդգրկվել է «Օսկարի» շորտ լիստում (ռեժիսոր՝ Միքայել Գուրջյան)։

2023 թվականին 9 թատերա­համերգային կազմակերպության հատկացվել է 507 մլն 977 հազ դրամ՝ գույքի և նյութատեխնիկական բազայի բարելավման նպատակով: Մշակույթի ապակենտրոնացման և մարզերի մշակութային կյանքի ակտիվացման նպատակով անցկացվել են փառատոններ (ՖեստիՎառ, Սայաթ-Նովա, Զարկ ֆեստ), մշակութային տարբեր միջոցառումներ սահմանամերձ շրջաններում, միջհամայնքային համատեղ նախաձեռնություններ, արտերկրի արվեստագետների համերգներ մարզերում:

2023-ին իրականացվել է 18 կրթական-մշակութային նախագիծ, որում ընդգրկված են եղել 550 դպրոց, 21000 աշակերտ, իրականացվել է ներառական 5 ծրագիր՝ 1800 մասնակցով:

Ներսես Շնորհալու մահվան 850-րդ (գիտաժողով, ցուցադրություն և հանդիսավոր համերգներ, այդ թվում՝ Հունաստանում, Վատիկանում) տարելիցը և Հայ կինոյի 100-ամյակը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական տարեթվերի ցանկում։

Անցկացվել են Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված խաչա­տրյա­նական ծրագիրը (65 համերգ, 12 երկրում, ցուցահանդեսներ և գիտաժողովներ), Հայ կինոյի 100-ամյակին նվիրված ծրագիրը (17-ից ավելի միջոցառում): 2024 թ. կարևոր հոբելյանական միջոցառումներից են` Շառլ Ազնավուրի, Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանները, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս տարվա հոբելյանական ցանկերում:

Մշակութային ժառանգության ոլորտում ընդունվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և հարակից մի շարք այլ օրենքների փոփոխության փաթեթը։ Ազգային ժողով է ներկայացվել «Թանգարանների մասին օրենքի» նախագիծը:

Թանգարաններում ներդրվել է տոմսերի նոր սակագնային փաթեթ, մինչև 12 տարեկան երեխաների համար սահմանվել է անվճար մուտք: Դպրոցական բաժանորդային ծրագրից 2023թ. ընդհանուր առմամբ օգտվել է 205 707 աշակերտ: Մշակութային արժեքների արտահանումը կազմակերպվում է գործարկված ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am):

Ստեղծվել է «Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը, ներդրման առաջին փուլում է նախարարության ենթակայության թանգարանների միասնական էլեկտրոնային տոմսային համակարգը:

Վերականգնվել է ՀՀ թանգարանային ֆոնդի համալրման նպատակով բյուջետային միջոցների տրամադրումը՝ 44 մլն 320 հազար դրամ, հագեցվել է «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, նախարարության ենթակայության գրադարանների ու թանգարանների նյութատեխնիկական բազան: Վերանորոգվել են Մինաս Ավետիսյանի և Գևորգ Գրիգորյանի (ՋՈՏՏՈՅԻ) թանգարանները, մեկնարկել են Հ․ Թումանյանի թանգարանի վերանորոգման աշխատանքները:

14-ով համալրվել է ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկը: Իրականացվել են 11 ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության դրամաշնորհային ծրագրեր 50 համայնքներում և Ջավախքում:

2023 թ-ին իրականացվել են 8 հուշարձանի վերականգնման աշխատանքներ, մշակվել են հուշարձանների տարածքներում տեղեկատվական կենտրոնների նախագծային փաստաթղթերը, որոնցից 3-ը 2024 թ. կտեղադրվեն:

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել պատմամշակութային արժեք ներկայացնող 36 կառույցի, հաստատվել է 82 պահպանական գոտու նախագիծ, տրվել է 55 հուշարձանի հնագիտական ուսումնասիրության թույլտվություն, պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում վերականգնվել կամ վերականգնման ընթացքում է 10 հուշարձան:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում են գրանցվել «Գյումրիի դարբնության ավանդույթը», Կոմիտասի ստեղծագործությունների հավաքածուն, հավանության է արժանացել «Տաթևի և Տաթևի Անապատ վանական համալիրները և Որոտանի հովտի հարակից տարածքները» հուշարձանին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ ՀՀ ներկայացրած հայտը:

Շարունակվել է համագործակցությունը ՄԱԿ-ի, Եվրոպական միության, Եվրոպայի Խորհրդի, ԱՊՀ, ԵԱՏՄ, Ֆրանկոֆոնիայի և այլ կառույցների շրջանակում. հիշարժան են մշակույթի ոլորտում «Ստեղծագործ Եվրոպա», կրթության ոլորտում «Էրազմուս+» և գիտության ոլորտում «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրերը ԵՄ հետ։ Հաստատվել է Եվրոպայի Միության կողմից «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» բյուջետային աջակցության ծրագիրը (32 մլն եվրո):

Զեկուցվել է, որ 2023-2024 ուսումնական տարում ՀՀ բուհերում սովորող օտարերկրյա ու սփյուռքահայ ուսանողների ընդհանուր թիվն աճել է 8.4%- ով՝ կազմելով 8333 ուսանող, որից 4229-ը՝ սփյուռքահայ (այդ թվում՝ պետպատվերով սովորող 330 սփյուռքահայեր): ՀՀ քոլեջներում, ուսումնարաններում սովորում է 563 օտարերկրյա քաղաքացի, որից 532-ը` սփյուռքահայ (2% աճ): Մշակվել է ՀՀ բուհեր օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերի ընդունելության և հաշվառման էլեկտրոնային հարթակը, որի շահագործումը նախատեսվում է 2024-2025 ուստարում: Լրամշակվում է 2011 թվականից գործող օտարերկրացիների ընդունելության կարգը:

ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրն իրականացվել է 13 պետությունների 15 գիտակրթական հաստատություններում, որոնցից 2-ը ծրագրում ընդգրկվել են 2023-ին (Թրակիայի Դեմոկրիտ համալսարան (Հունաստան), Սինալոայի համալսարանի (Մեքսիկա)): Հաստատվել է «Համագործակցության ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման հայեցակարգը»:

Կազմակերպվել է սփյուռքի կրթօջախների ուսուցիչների կարողությունների հզորացում ծրագիրը, որն անցկացվել է 7 ծրագրային ուղղություններով՝ 120 ժամ տևողությամբ: 23 երկրի 220 կրթօջախի տրամադրվել է 38570 կտոր ուսումնական նյութ, որից 21970-ը՝ 57%-ը Վրաստանին: Ձևավորվել է սփյուռքի դպրոցների ուսումնական նյութերի էլեկտրոնային շտեմարանը՝ https://lib.armedu.am/category/67, որն աստիճանաբար համալրվում է նոր դասագրքերով և նյութերով։

2023 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ երիտասարդության ոլորտում ընդհանուր իրականացվել է 25 ծրագիր` 2 մլրդ 190 մլն դրամի: Մեկնարկել են «Երիտասարդության մասին» օրենքի և երիտասարդության ազգային ինդեքսի մշակման աշխատանքները: Գավառը ճանաչվել է 2024թ. երիտասարդական մայրաքաղաք:

Պետական միջոցներով ստեղծվել են երկու երիտասարդական կենտրոններ՝ Տավուշի մարզի Դիլիջան և Արագածոտնի մարզի Ապարան համայնքներում: Իրականացվել են կարողությունների զարգացման 9 ծրագրեր:

2023թ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շահառու է դարձել ևս 733 ընտանիք, որոնք պետական սուբսիդավորմամբ ձեռք են բերել բնակարան, որից 179-ը Երևանից, 554-ը՝ մարզերից։ Ընդհանուր առմամբ, 2010 թ-ի ծրագրի մեկնարկից ի վեր շահառուների ընդհանուր թիվը կազմել է 8140։

2023-ին 35 մարզական ֆեդերացիաներին Կառավարության կողմից հատկացվել է 1 մլրդ 755 մլն 300 հազար դրամ: Ֆեդերացիաներն անցկացրել են 98 ՀՀ առաջնություն, մասնակցել են 213 միջազգային մրցաշարերի, այդ թվում՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների, կազմակերպել են 169 ուսումնամարզական հավաքներ (տարբեր տարիքային խմբերով):

Նախորդ տարվա ընթացքում տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում, եվրոպական, ԱՊՀ, Ֆրանկոֆոնյան խաղերում ՀՀ հավաքականների մարզիկները նվաճել են 445 մեդալ (որից 25-ը կանայք), այդ թվում՝ 125 ոսկե, 127 արծաթե և 193 բրոնզե:

«Փարիզ 2024» ամառային օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու նպատակով 2023 թվականին սպորտային նպաստ է ստացել 94 մարզիկ, 72 անձնական մարզիչ, 32 գլխավոր և ավագ մարզիչ, 13 բժիշկ և մերսող: ՀՀ կառավարության տարբեր ծրագրերով 2023թ. 64 մարզիկ և մարզիչ ստանում են մինչև 500.000 դրամ, 24 մարզիկ և մարզիչ՝ 500.000-1 մլն դրամ, 2 մարզիկ՝ 1 մլն-ից ավելի ամսական նպաստ և անվանական թոշակ: 70 մարզիկ ստացել է տարեվերջյան մինչև 500.000 դրամ միանվագ պարգևատրում, 45 մարզիկ՝ մինչև 1 մլն դրամ, 91 մարզիկ՝ 1 մլն դրամից ավելի: Տարվա արդյունքներով ձեքբերումների և նվաճումների համար 1 մարզիկ ստացել է ընդհանուր 18 մլն դրամ: 2023 թ. 10 լավագույն մարզիկները պարգևատրվել են՝ յուրաքանչյուրը 5 մլն դրամով:

2023 թվականին ամսական պատվովճար են ստացել տարբեր տարիներին բարձր արդյունքներ ցուցաբերած 79 մարզիկներ: Տարեվերջյան միանվագ պարգևատրում են ստացել 15 մարզաձևից 205 մարզիկ, նրանց մարզիչները և մեծահասակների հավաքականների բժիշկները: 2022 թվականին բարձր արդյունքներ ցուցաբերած ՀՀ հավաքականների 130 մարզիկներին, նրանց անձնական 112 և հավաքականների 40 մարզիչներին նշանակվել է անվանական թոշակ՝ 2023թ. հունվարի 1-ից:

Նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ում անցկացվել են 5 խոշոր մրցաշարեր. ապրիլի 15-23-ը ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են 40 երկրի 600 մասնակիցներ /Հայաստանի հավաքականը նվաճել է 13 մեդալ՝ 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե/: Ապրիլի 23-ից մինչև մայիսի 4-ը Երևանում տեղի է ունեցել բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են 39 երկրի 350 մասնակիցներ /երիտասարդների Հայաստանի հավաքականը նվաճել է 13 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե/: Նոյեմբերի 10-12-ն անցկացվել է սամբոյի մեծահասակների Աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 71 երկրի 700 մասնակիցներ /Հայաստանի հավաքականը նվաճել է 10 մեդալ՝ 5 արծաթ, 5 բրոնզ/: Նոյեմբերի 12-ին՝ սպորտային պարերի աշխարհի երիտասարդների լատինամերիկյան առաջնությունը, որին մասնակցել են 33 երկրի 120 մասնակցել: Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ն անցկացվել է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 52 երկրի 450 բռնցքամարտիկներ /Հայաստանի հավաքականը նվաճել է 10 մեդալ՝ 4 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե/:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 61 մարզական կազմակերպություններին հատկացվել է 29 անվանում մարզական գույք: Շարունակվել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը, ինչպես նաև Գյումրու Մանկապատանեկան համալիր մարզադպրոցի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի մարզական համալիրի կառուցման աշխատանքները: Ավարտվել է Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի վերանորոգումը, Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականին: Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճներում իրականացվում են ուժեղացման աշխատանքներ:

Հաշվետու տարում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող 5 մարզական մասսայական միջոցառում՝ սիրողական խճուղային հեծանվավազքի, խճուղավազքի, լողի, սեղանի թենիսի, դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարերը, որոնց մասնակցել է 6496 մարդ: Իրականացվել են նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև բանակային խաղերը, այլ մարզական մասսայական միջոցառումներ: Ընդհանուր առմամբ նախարարության կողմից իրականացված մարզական մասսայական միջոցառումներին 2023 թվականին մասնակցել է 40228 մարդ:

Ամփոփելով՝ վարչապետն անդրադարձել է Սփյուռքի դպրոցներին անհրաժեշտ դասագրքերի տրամադրմանը և ընդգծել, որ ըստ անհրաժեշտության Կառավարությունը պատրաստ է ավելացնել ֆինանսական հատկացումներն այդ ուղղությամբ՝ առկա կարիքները բավարարելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր քաղաքներում և բնակավայրերում երիտասարդական կենտրոնների հիմնման աշխատանքները և նշել, որ ծրագիրը պետք է կրի շարունակական բնույթ: Վարչապետը՝ խոսելով մարզային և քաղաքային գրադարանների մասին, նշել է, որ անհրաժեշտ է դրանց կառավարումն արտապատվիրակել ոլորտում փորձ ունեցող լավագույն ընկերություններին՝ վերջիններս շրջանում անցկացնելով համապատասխան մրցույթ: «Ինչ-որ առումով դրանք պետք է դառնան ինտելեկտուալ ժամանցի կենտրոններ: Մեր խնդիրն է՝ ապրեցնել այդ գրադարանները»,- շեշտել է Կառավարության ղեկավարը:

Վարչապետը կարևորել է նաև պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության ուղղությամբ հետևողական աշխատանքները, ընդգծել թանգարանների արդյունավետ գործունեության, վերջիններիս սեփական եկամուտների ավելացման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք Կառավարությունն իր կողմից անհրաժեշտ աշխատանքներ է տանում Փարիզի Օլիմպիական խաղերի նախապատրաստության ուղղությամբ. փոխնախարար Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ պետությունն իր կողմից կատարում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մարզիկների նախապատրաստական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար: Վարչապետը՝ կարևորելով մարզերում մարզական կենտրոնների խրախուսումը, անհրաժեշտ է համարել մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ ապահովել ֆիթնես կենտրոնների գործունեությունը և մշակել դրանց կառավարման նոր մոդել:

լրահոս

Փոխկապակցված նորություններ