ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտների անօրինական ճանապարհով իրացնելու փորձը ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության ու Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցների կողմից իրականացված հսկողական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող ընկերությունը ՀՀ–ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկիր՝ Վրաստան, հայտարարագրել է «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտային արտադրանք: Հայտարարգրված ծխախոտի քաշը կազմել է շուրջ 13 տոննա: Որոշ ժամանակ անց, ընկերությունը՝ արտահանման նպատակով ներկայացված մաքսային հայտարարագիրը չեղարկելու համար, դիմել է ՊԵԿ։ «Բաց թողնումը չեղարկված» կարգավիճակ ստանալուց հետո, ընկերությունը ապրանքները մաքսային հսկողության գոտուց դուրս է բերել եւ ապրանքը չի տեղափոխել ընկերության արտադրամաս, փոխարենը տեղափոխել է այլ մասնավոր տարածք՝ առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտային արտադրանքն անօրինական ճանապարհով իրացնելու նպատակով։ Բեռնատարի ամբողջ շարժը գտնվել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության ու Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների հսկողության ներքո։ Արդյունքում կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ: Գործին առնչվող աստաթղթերը ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին: