Հայ ժողովրդի պատմության՝ այսօր գոյություն ունեցող բովանդակության 70-80 տոկոսը, եթե ոչ ավելին, ձևավորվել է Խորհրդային Միության շրջանում: Այս մասին ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայ ժողովրդի պատմությունը Խորհդային Միության շրջանում եղել է աշխարհաքաղաքական ընկալումների որոշակի տրամաբանության մեջ, որ, հաշվի առնելով որոշակի օբյեկտիվ հիմքեր, ամեն ինչ պետք է անել, որ այս ժողովուրդը վախենա իր տարածաշրջանում առանց հովանավորության ապրել:
Հայ ժողովրդի պատմության այն կոնտենտը, այն բովանդակությունը, որ կա, 90 տոկոսը հետապնդում է այս քաղաքական նպատակը: Եվ այսօրվա պատմական Հայաստանի նարատիվների մի հսկայական մասը ներշնչված է Սովետական Միության, այսինքն՝ կայսրության վարած տարածաշրջանային քաղաքականությունից»,- ասաց նա:
Փաշինյանը նաև փորձել է պարզել, թե ինչպես են տեղի ունեցել Խորհրդային Միության շրջանում մի շարք իրադարձություններ: «Ասում են՝ մեր ուսանողությունը հաղթեց КГБ-ին: Իրականում КГБ-ն հաղթեց մեր ուսանողությանը և նրան դրեց մի վիճակի մեջ, որ իրեն թվա, որ ինքն է այս մեծ նվաճմանը հասել, մինչդեռ ինքը ոտքով, գլխով, կոշիկով, ամեն ինչով ընդամենը հագնում է ֆորպոստի ֆորման»,- նշեց նա:
Փաշինյանի խոսքով՝ մենք այսօր գրում ենք մեր պատմությունը։
«Մեր ձեռքով գրած պատմությունը վատն է լինելու, որովհետև մենք չգիտեք, է՜, որ դարից ինքնուրույն պատմություն գրել: Միջնադարից այս կողմ մեր պատմությունները կայսրություններ են գրել: Այդ մեծ անունները, որ դնում եք, այդ բոլոր մե՜ծ անուններն ուղիղ կապով կապված են կայսրության հետ, և կայսրության սոցիալ-հեգեբանության և ավանդույթի մեջ են: Եվ, այո՛, մենք ենք գրում, որովհետև մենք պատմություն գրել էլ չգիտենք, որովհետև մեզ թույլ չեն տվել մեր պատմությունը գրել, ասել են՝ մենք կգրենք, կտանք, կարդացե՛ք, անգի՛ր արեք և պատմե՛ք:
Մենք այսօր գրում ենք մեր պատմությունը, և իմ հիմնական զեկուցման մեջ հիմնական ուղերձը հենց դրա մասին էր, որ, ժողովո՛ւրդ, եկեք դուրս գանք ուրիշների՝ մեզ համար գրած պատմությունից և նախ կերտենք ու զուգահեռաբար ձևակերպենք, գրենք, ստեղծենք մեր պատմությունը»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ հենց այսօր Ազգային ժողովի դահլիճում այդ պատմությունը կերտվում է: