«Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները, նորարարություն և լավագույն փորձ» խորագրով գիտաժողովը մեկ հարկի ներքո էր համախմբել ոլորտի մասնագետներին ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններից: Գիտաժողովը կազմակերպվել է «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի, «Ազգային բժշկական պալատի» ու «Հայ – ամերիկյան դեղագետների ասոցիացիայի» համագործակցությամբ:
Գիտաժողովը նախատեսված է ընտանեկան բժիշկների, թերապևտների և դեղագետների համար և ներկայացվել է ՀՀ Առողջապահության նախարարության շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտավորման համար: Գիտաժողովի նպատակն է ակտուալ տեղեկատվություն տրամադրել առողջապահական ոլորտի վերջին զարգացումների, դեղաբուժման նոր կլինիկական տվյալների, ինչպես նաև ամբուլատոր պայմաններում բուժվող քրոնիկ հիվանդություններ ունեցող բուժառուների խնամքի լավագույն փորձի մասին: Կարևոր զեկույցներով հանդես եկան փորձառու մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից, Ավստրալիայից և Շվեդիայից:
2021 թվականից գործունեություն իրականացնող «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը նպատակ ունի զարգացնել դեղագիտությունը Հայաստանում, նպաստել դեղագիտության՝ որպես գիտության առանին ճյուղի ադապտացմանը, ապահովել ապագա կլինիկական դեղագետ ուսանողների կրթության ֆինանսավորումը, վերապատրաստումը:
Հիմնադրամի տնօրեն Սարգիս Մելիքսեթյանի խոսքով, գիտաժողովը վերջինը չի լինելու՝ հաշվի առնելով մասնակիցների ու հետաքրքրվողների մեծ ակտիվությունը: