1,5 տարի դարձնելու նախաձեռնությունն ունի մեկ նպատակ՝ ՀՀ բանակը օր առաջ դարձնել պրոֆեսիոնալ. Սուրեն Պապիկյան

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը նվիրված եզրափակիչ ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ հնչեցված մտահոգություններին ու ելույթներին:

Ինչ վերաբերում է ատեստավորման անհավասար պայմանների մասին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հայտարարություններին, ասաց՝ մրցակցությունն ինքնին անհավասարության ու հավասարության մասին է:

Նախարարի խոսքով՝ այսօր ասել, որ համատարած պետք է բարձրացնել բոլորի աշխատավարձերը ու բանակում չունենալ մոտիվացիոն համակարգ, անձամբ դեմ է դրան, եթե անգամ այդ ֆինանսական հնարավորությունը լինի:

«Ես կողմ կլինեմ, որ ատեստավորման սանդղակում ֆինանսական մասը, ըստ հարաբերակցության, բարձրանա, բայց համատարած բոլորի աշխատավարձերը չբարձրանան, որովհետև դա դեմոտիվացնում է զինվորականությանը»,- ասաց Պապիկյանը:

Ինչ վերաբերում է պարեկներին ու զինվորականներին համեմատելուն, նշեց՝ ատեստավորված զինվորականի աշխատավարձը 205 հազարից 470 հազար դրամով ավելացել է:

«205 հազարից 470 հազար դրամ: Սա, կարծում եմ, փոքր գումար չէ, ու եթե հնարավորությունը ստեղծված է բոլորի համար, ինչո՞ւ դրանից չպետք է օգտվեն բոլորը»,- հավելեց պաշտպանության նախարարը:

Զինվորական ծառայությունը 1,5 տարի դարձնելու նախաձեռնությունը, ըստ նրա, ունի մեկ նպատակ՝ ՀՀ բանակը օր առաջ դարձնել պրոֆեսիոնալ:

«Եվ սրա հիմքում ընկած է մեր համալրման արդյունավետությունը»,- ընդգծեց Սուրեն Պապիկյանը:

Լրահոս