Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի խումբ քաղաքացիների «էքսկուրսիա» էր տարել Կիրանց՝ ցույց տալու հայտնի պատը եւ հավաստիացնելու, թե սահմանազատումից հետո ինչ խաղաղ է այնտեղ։
«Մեկ տարի ոչ մի միջադեպ չի եղել, ավելին, սահմանազատումից հետո իքս պահի հայ եւ ադրբեջանցի սահմանապահները դուրս են եկել խրամատներից, այսինքն միմյանց տեսանելի են։ Ապա երկրորդ փուլով հանել են սաղավարտներն ու զրահաբաճկոնները, երրորդ փուլով պայմանավորվել են, որ ավտոմանտների վրա պահունակներ չեն հիմա։ Հիմա ես այստեղ կանգնած եմ ու ոչ մի մտավախություն չունեմ»,– ասել է Փաշինյանը։
Նշենք, որ Փաշինյանին ուղեկցում են մեծ թվով անվտանգության աշխատակիցներ։
Փաշինյանը նաեւ ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, բայց դա արել ենք, որպեսզի մենք ինքներս ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը:
«Հիմա արդեն Ադրբեջանով դեպի Հայաստան երկաթուղով ապրանքներ են գալիս, շուտով ուրիշ ապրանքներ կգան, Հայաստանից կգնան: Կիրանցը խաղաղ գյուղ է: Կիրանցը սահմանազատումից հետո 50%-ով աճել է», — հավելել է նա:




