Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հետևել է Հալիձորի բերդ տանող գրունտային ճանապարհի բարեկարգման աշխատանքների ընթացքին

 

Շարունակելով ամենշաբաթյա շրջայցերը՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այս անգամ տեղում հետևել է Հալիձորի բերդ տանող գրունտային ճանապարհի հարթեցման, լայնացման և բարեկարգման աշխատանքների ընթացքին։

Տասնամյակներ շարունակ պատմամշակութային գեղեցիկ այս վայր տանող ճանապարհը եղել է նեղ ու դժվարանցանելի, ինչն էլ սահմանափակել է այցելուների և զբոսաշրջիկների հոսքը։ Այժմ իրականացվող բարեկարգման աշխատանքների շնորհիվ ճանապարհը դարձել է լայն ու հարմարավետ երթուղի՝ հասանելի անգամ ցածր թափքով մեքենաների վարորդների համար։

Դեռևս լիովին չբացահայտված Հալիձորի բերդը տուրիստական վայր ներկայացնելու և զբոսաշրջիկների համար կանոնավոր այցելավայր դարձնելու համայնքի ղեկավարի այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ է համայնքում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։

Ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման շրջանակում հարթեցման, լայնացման և խճալցման աշխատանքներ են իրականացվել նաև Երկաթուղայինների փողոցի 2-րդ նրբանցքում, դեպի Բարաբաթում տանող այլընտրանքային ճանապարհահատվածում, այդ թվում նաև Ներքին Հանդ և Ծավ բնակավայրերի գյուղամիջյան ճանապարհներին։

Վերոնշյալ աշխատանքները կյանքի են կոչվել համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ՝ համայնքի ֆինանսական միջոցներով։

Լրահոս