Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից ArmLur.am-ը տեղեկանում է, որ քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին» նոր նախագիծ։
Նախագիծը սահմանում է՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքով ամրագրվող դրույթների կիրարկման ապահովման նպատակով պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգի և հիմնական լիցենզիայի ձևի հաստատումը, ինչն էլ, իր հերթին ուղղված է ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցության, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկման, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանման, տեղական մետաղագործական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովմանը։
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
ArmLur.am-ը տեղեկանում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ, «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ, «Նիկոլ Դուման» ԱԿ, «Ձուլակենտրոն» ԲԲԸ ձուլարանները, կառուցվում ու վերակառուցվում են «Ջի Թի Բի սթիլ» ՍՊԸ, «Քարակերտի քարաձուլման գործարան» ԲԲԸ ձուլարանները։

Նախագծի հիմնավորման մեջ առկա թվային աղյուսակ, որից էլ տեղեկանում ենք, որ 2022-ից 2024 թվականներին Հայաստանի Հանրապետություն ներմուծված թիրախային արտադրանքի քանակի գերակշիռ մասը՝ 75.5%-ը, իսկ գումարային արտահայտությամբ՝ 80.2%-ը ներմուծվել է ԻԻՀ-ից։
Վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ ԻԻՀ-ից 7214 ապրանքային դիրքերում դասակարգվող ապրանքների (պողպատե ամրանների) 1 տոննայի գինը (առանց ԱԱՀ) Հայաստանում կազմում է 200.000–ից 205.000 դրամ։
Հայաստանում արտադրվող 1 տոննա պողպատե ամրանի մասով կատարված ծախսերը կազմում են շուրջ 230.000-ից 250.000 ՀՀ դրամ (վերլուծության համար հիմք հանդիսացող ցուցանիշները ՀՀ-ում գրանցված կազմակերպությունների հրապարակային ֆինանսական հաշվետվություններն են)։
Ըստ վիճակագրական տվյալների՝ ԻԻՀ-ից պողպատե ամրանների ներկրումը Հայաստանի Հանրապետություն՝ շարունակաբար աճում է։
Համաձայն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրությունների՝
2023 թվականին 2022 թվականի համեմատ 1 տոննա ամրանի միջին կշռված մաքսային արժեքը 269.000 դրամից նվազել է 52.000 դրամով և կազմել 217.000 դրամ։
ՀՀ-ում արտադրված 1 տոննա ամրանի միջին գինը կազմում ՝ 259.600 դրամ, նվազագույն և առավելագույն գները՝ 215.000 և 300.000 դրամ։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի N 1077-Ն որոշման ուժի մեջ մտնելուց հետո, տրամադրված հիմնական լիցենզիաների համաձայն, 2025 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել մոտ 23 հազար տոննա պողպատե ամրան՝ որի ներմուծման հիմնական լիցենզիայի տրամադրման համար պետական տուրքի գումարը կազմել է մոտ 654 686 000 դրամ։
Նախագծում ասվում է․
«Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) ներքին արտադրության և առևտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Նպատակ ունենալով զարգացնել առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու հումքային ռեսուրսների ներքին սպառումը՝ ՀՀ կառավարությունը մի շարք որոշումներով արգելել է սև և գունավոր մետաղների ջարդոնի և դրանց պարունակությամբ թափոնների արտահանումը։ Նշված սահմանափակումներն ուղղված են տեղում սև և գունավոր մետաղների ջարդոնի վերամշակման, թափոններից մետաղների կորզման և առավել բարձր ավելացված արժեքով արտադրանքների արտադրության խթանմանը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Էմմա Միքայելյան





