Սիրիայի նոր իշխանությունների ռազմական օպերացիան ընդդեմ տապալված նախագահ Բաշար ալ Ասադի հավատարիմ ուժերի ավարտվել է, երկուշաբթի, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է երկրի Պաշտպանության նախարարությունը:
Մինչդեռ համացանցում տարածվում ենԱսադին աջակցող ալավի փոքրամասնության ներկայացուցիչների դեմ ջարդերի նոր կադրերը: Նշվում է, որ մի խումբ զինված ալավիների ապստամբության փորձից հետո իշխանությունները, ռազմական գործողություն են սկսել, իսկ նրանց աջակցող ահաբկիչները սպանդի են ենթարկել ալավի խաղաղ բնակիչներին:
Ասադին հավատարիմ ուժերի և երկրի նոր իսլամիստ իշխանությունների միջև բախումները Լաթաքիայում և Տարտուսում, ըստ որոշ տվյալների, խլել են ավելի քան 1000 մարդու կայնք՝ հիմնականում խաղաղ բնակիչների :
Պաշտպանության նախարարության խոսնակ Հասան Աբդուլ Ղանին X-ի հաղորդագրության մեջ ասել է, որ պետական հաստատություններն այժմ կարող են վերսկսել իրենց աշխատանքը և ծառայություններ մատուցել. «Մենք ճանապարհ ենք հարթում կյանքի բնականոն հուն վերադարձի և անվտանգության ու կայունության ամրապնդման համար»։
Սիրիայում ալավիների ջարդերի ֆոնին Ահմեդ ալ Շարաան խոստացել է պատժել արյունահեղության մեղավորներին: