«Նիդերլանդները կարևորում է Հայաստաի հետ համագործակցությունը, դա արտացոլված է փաստաթղթերում, որը մենք այսօր ստորագրեցինք»,- հայտարարեց Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպն Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հետևած համատեղ ասուլիսում։
«Նիդերլանդների դեպքում սա հազվադեպ է պատահում։ Հաճախ չէ, որ մենք նման փաստաթուղթ ենք ստորագրում։ Սա ցույց է տալիս այն նվիրումը, որ մենք ունենք Հայաստանի հանդեպ»,-ասաց նա։
Վելդկամպը նշեց, որ Նիդերլանդները պատրաստ է օգնել Հայաստանին դիվերսիֆիկացնելու տնտեսությունը՝ «ավելի քիչ կախված լինելու Ռուսաստանից»։
Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին՝ նախարարն ասաց՝ գովելի են այն կառուցողական քայլերը, որոնք ձեռք են բերվում այս գործընթացում։
«Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը շատ կարևոր են Եվրոպայի համար։ Նիդերլանդները սատարում է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Երեկ ես Անկարայում էի, հանդիպել եմ պաշտոնատար անձանց հետ։ Համոզված եմ, որ երկու կողմերն էլ ունեն մոտ ապագայում հարաբերությունների կարգավորման կամքը»,-ասաց նա։
Խոսելով Բաքվում ապօրինի պահվող գերիների մասին՝ Վելդկամպը նշեց, որ նրանք պետք է պաշտպանված լինեն հավուր պատշաճի, միջազգային չափանիշների համաձայն, պետք է ունենան ազատ և արդար դատավարության իրավունք։
«Վստահ եղեք, որ Նիդերլանդները և ԵՄ–ն կշարունակեն բարձրացնել այս հարցը։ Մենք այս հարցը կշարունակենք բարձրացնել նաև Բաքվում։ Այս հարցի շուրջ այլևս չեմ ընդլայնվի, բայց վստահ եղեք, որ այս հարցի վրա մեր ուշադրությունը սևեռում ենք»,– ասաց նա։