Tert.am-ն ահազանգ է ստացել, որ Լեոնիդ Ազգալդյան 4/1-ում կառուցվող «Անտառա Ինն» բնակելի համալիրը, որը բաղկացած է 6 բնակելի հարկից, չի պահպանում շինարարական նորմերը: Տեսանյութից պարզ երևում է, որ կառուցապատման ամբողջ ընթացքում կառուցապատող ընկերությունը չի կահավորել կառուցապատվող օբյեկտի տարածքը փոշու համար անթափանց ցանցերով, ինչի հետևանքով էլ առաջանում է փոշու ամպ։
Նշենք, որ տվյալ շենքը շուկայում հայտնի «Մետրում Ինվեսթ» ընկերության նախագիծն է։ Հարակից տարածքի բնակիչները նշում են որ փոշու ամպը տեսանելի է շատ հեռվից և շաբաթներ շարունակ վնասում է իրենց թոքերը, աչքերը, առաջացնում գլխացավ։ Ուշագրավ է, որ «Մետրում Ինվեսթ»-ը իրար կողք կողքի մի քանի շենք է կառուցում այս թաղամասում և դրանցից և ոչ մեկում շինարարական այդ նորմերը պահպանված չեն։Չնայած ընկերությունն իր գովազգային հոլովակներում կրկնում է, որ ի սկզբանե իրենց համար շատ կարևոր է եղել նախագծերն իրականացնելիս չվնասել բնությանը, ստեղծել բարենպաստ ու կանաչապատ գոտի բնակիչների համար, բայց կարծես թե այդ խոսքերը միայն գովազդի համար են։ Բավարար էր մի քանի րոպե հետևել շինարարության ընթացքին հասկանալու համար, որ ընկերության շինհրապարակներում շինարարական այլ նորմեր ևս չեն պահպանվում` չնայած, որ ընկերությունը նշում է, որ համագործակցում է ոլորտի լավագույն ընկերությունների հետ։
Մասնավորապես «Մետրում Ինվեսթ»-ի շենքերի վրա աշխատող շինարարների մեծամասնությունն աշխատանքի ընթացքում համապատասխան շինարարական գլխարկներով չեն և անվտանգության կաննոններին չեն հետևում։ Այնինչ, երբ շինհրապարակ բնակարանի գնորդ է գնում, գնորդին պարտադիր գլխարկ են տալիս և ասում, որ այստեղ բոլոր կանոնները պահպանվում են։ Դժվար չէ հասկանալ, որ սա միայն գովազդի համար է արվում։
2023 թվականին Երևանի քաղաքապետարանը նախաձեռնեց փոփոխություններ, որոնցով սահմանվում են լրացուցիչ պայմաններ կառուցապատողների համար․ պարտադիր պահանջ ներդրվեց օդի աղտոտվածության մոնիթորինգի սարքերի տեղադրումը, ինչպես նաև վերջիններս պարտավոր են կառուցապատման ամբողջ ընթացքում կահավորել կառուցապատվող օբյեկտի տարածքը փոշու համար անթափանց ցանցերով։ Փոշու արտանետումը բացառող սարքերի, ավազի կույտերը ծածկող անթափանց թաղանթի բացակայության դեպքում կառուցապատող ընկերությունները տուգանվում են, սակայն պարտադիր պահանջից հետո էլ շատ շենքերում ցանցերը ոչ բոլոր հարկերում են տեղադրված, որի հետևանքով շինարարությունից առաջացած փոշին շարունակում է աղտոտել օդը:
Քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Այս դեպքում նորմերը չպահպանելու խնդիրը չէ, այստեղ առաջին խնդիրն աշխատողների կարգուկանոնի խախտմանն է վերաբերվում, որն իրենց գործառույթներով չի կարգավորվում:
«Ինչ վերաբերում է փոշուն, այստեղ ոչ թե շինարարական նորմերը պահպանված չեն, այլ շինհրապարակի կահավորման նորմերը պահպանված չեն, այս դեպքում մենք ունենք ահազանգ, և ես արդեն մեր աշխատակիցներին փոխանցել եմ տեղեկատվությունը և իրենք այդ հասցեով կգնան ու ինչ լիազորություն ունենք, այդ պայմաններում վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն ենք կազմելու՝ շինհրապարակի կահավորման նորմերը չպահպանելու հիմքով»,- նշեց նա:
«Մենք օրվա կտրվածքով չորս, հինգ, տասն այդպիսի շինհրապարակներ ենք գնում ու վարչական պատասխանատվության ենթարկում, բայց դա որևէ ձևով չի բերում այն իրավիճակին, որ բոլոր պայմաններն ապահովեն: Այս դեպքում մենք կրկին ենք գնում տվյալ շինհրապարակ, դա շարունակական գործընթաց է, ու այնպես չէ, որ մեկ անգամ գնում ենք ու դրանով սահմանափակվում, այսինքն, արձանագրությունը մեկ անգամ կազմում ենք, տուգանում ու վերջ: Իսկ ամսվա կտրվածքով հարյուրից ավելի այդպիսի արձանագրություն ենք կազմում: Օրինակ այս գործակարգավարական նիստին ներկայացնելու ենք ապրիլ ամսվա խախտումները, որը մոտ 110-ը հատել է»,- հավելեց Խոջայանը:
Նրա խոսով, այս ամենը կարգավորելու համար նաև ավագանու կողմից օրենսդրական կարգավորման նախաձեռնություն կա, որ տուգանքների չափն ավելացվի, որովհետև տուգանքների չափը կառուցապատողների համար այնքան է, որ իրենք դրանից չեն նեղվում. խոսքը նշված իրավախախտման համար վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված 70,000-100,000 դրամի չափով տուգանքի մասին է, ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ կատարած իրավախախտման դեպքում:
«Տուգանքների չափը որ ավելանա, այդ հիմքով գոնե կանոններն ապահովեն, բայց իրենք պետք է գոնե Երևանի բնակիչ՝ երրորդ անձանց իրավունքները չոտնահարեն, ու իրենք առանց տուգանվելու էլ, պահպանեն բոլոր նորմերը», -ասաց Խոջայանը:
Նրա խոսքով՝ տուգանել ամեն օր, ֆիզիկապես հնարավոր չէ, քանի որ իրավաչափ էլ չի լինում, դա նաև ժամանակատար է. «Սկզբում ծանուցում ենք, ապա ծանուցման հիմքը ապահովում, որպեսզի կարողանանք հաջորդ արձանագրությունը կազմենք, կանչենք լսումների: Այն կարող է ամիսներ տևել: Այդ ամենը պրոցեսներ են, որոնք հնարավորություն չեն տալիս մեզ զուտ իրավաչափ արձանագրություն կազմել»: «Խախտումներն ամենաշատն արվում են հենց շինհրապարակներում: Մենք ամբողջ ռեսուրսը հենց դրա վրա ենք օգտագործում, Երևանում էլ շինարարությունը, հատկապես բազմաբնակարան շենքերի, մեծ թափով է ընթանում, դրա համար փորձում ենք հնարավորինս հետևողական լինել», -եզրափակեց վարչության պետի տեղակալը:
Այս առնչությամբ Tert.am-ը նաև զրուցեց բնապահպան Ինգա Զարաֆյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Պարտադիր պահանջից հետո էլ օդը շինարարական փոշուց պաշտպանող ցանցերը պատշաճ չեն տեղադրվում, իսկ օդի աղտոտվածության ցուցանիշները մայրաքաղաքում բավականին բարձր են, հատկապես շինարարությունից առաջացած փոշու հետևանքով, որը վերջին տարիներին, կապված շինարարության մեծ ծավալների հետ, հանդիսանում է աղտոտվածության հիմնական գործոններից մեկը: Դուք հիմա նշում եք մեկ խայտառակ դեպքի մասին, բայց այդ դեպքերն ունենք ամեն տեղ, այն կրում է համակատարած բնույթ: Մենք ստանում ենք տարբեր ահազանգեր, և դրանք նույն ռիսկերն են պարունակում, առաջինը, որ շինարարությունն ընթանում է ընդհանուր տարածքների վրա, և կարելի է ասել՝ դրանք զավթված տարածքներ են»:
Զարաֆյանի խոսքով՝ քաղաքապետարանի հետ իրենք որոշ ժամանակ առաջ այդ թեմայի վերաբերյալ հանդիպումներ ունեցել են, իրենց քաղաքապետարանից պարզաբանել են, որ շատ վաղուց տարածքները սեփականաշնորհված են. «Առաջին հայացքից մարդը կարող է դրան նայել որպես հասարակական տարածք, բայց մասնագետներն ասացին, որ Երևանում մենք շատ քիչ ունենք հասարակական տարածքներ, և ես փաստում եմ, որ Երևանի տարածքների 90 %-ը սեփականաշնորհված է, որը սարսափելի մեծ ռիսկ է կրում, և ոչ ոք չի կարող ազդել իրենց վրա: Իրենց տարածքն է, ինչ ուզում անում են»,- ասաց Զարաֆյանը:
Նրա խոսքով՝ ցավոք, այս խնդրի լուծումը չի տեսնում. «Մեր նորմերը հիմնականում կարգավորվում են ՇՄԱԳ օրենքով, դա, բնականաբար, իր պահանջներն ունի, այնտեղ նշված են բոլոր պարտավորությունները, թե ինչ է կարող և ինչ չի կարող անել շինարարական կազմակերպությունը: Շինարարական ոլորտում այդ պարտավորությունները շատ թույլ են, եթե ՇՄԱԳ օրենքով որևէ տուգանքի չի ենթարկվում, ապա այդ մակերեսի վրա ինչ ուզում է, այն էլ անում է»:
Tert.am-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել նաև կառուցապատող «Մետրում Ինվեսթ» ընկերության հետ, սակայն զանգերն անպատասխան մնացին: Պատասխան ունենալու դեպքում այն կհրապարակվի: