Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ՀՀ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանել Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների համար։ «Այդ երկրներում կենսամակարդակը շատ բարձր է։ Ակնկալում ենք այդ երկրներից զբոսաշրջային հոսքերի ավելացումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմկիայի նախարար Գևորգ Պապոյանը՝ շարունակելով․ «Մեզ պետք է, որ զբոսաշրջիկը գա Հայաստան ու փող ծախսի։ Վերջին մեկ տարվա ընթացքում ՌԴ-ից եկող զբոսաշրջիկների էական կրճատում ունենք։ Թիվը շատ զգալի չէր մեր զբոսաշրջային հոսքերի համար, որովհետև Մերձավոր Արևելքից, Արևմտյան Եվրոպայից և Հնդկաստանից եկող զբոսաշրջիկների աճն էականորեն կոմպենսացրեց այն բացը, որը եղավ ՌԴ-ի դեպքում։ Մեր առջև խնդիր ենք դրել, որ Մերձավոր Արևելքի շուկան զբոսաշրջության նոր ռազմավարությամբ դառնալու է ՀՀ-ի համար առաջնային շուկաներից մեկը»։ |