Նիկոլը Վաղարշապատում հաղթեց ՀՀԿ մեթոդներով. ի՞նչ անել 2026-ին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Գյումրիից հետո ես ասում էի, որ պետք չէ Գյումրի օրինակը փորձել կիրառել Էջմիածնում, որովհետև այն չի գործելու և Նիկոլ Փաշինյանը դասեր է քաղել։ Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախգահ Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Գյումրի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը համոզվել է, կամ իրեն համոզել են Վաղարշապատի իր թիմակիցները, որ ընտրությունները կազմակերպեն այնպես, որ լինի մեծամասնական ընտրակարգի ապաքաղաքական համատեքստում։ Դա նշանակում է, որ պետք է ընտրությունները չքաղաքականացնել, չգան ՔՊ-ից ելույթներ ունենան, Նիկոլ Փաշինյանը չգա ելույթ ունենա, ՔՊ–ի այդ դոզան նվազեցվի։ Այսինքն ասեն՝ ժողովուրդ ջան, ես ձեր գյուղի, ձեր քաղաքի, ձեր այս տարածքի, ձեր հող ու ջրի տղան եմ, ինձ ընտրեք, մի նայեք, թե ով է Նիկոլը։ Սա հին հանրապետական մեթոդաբանություն է։

Ամենաառաջին բանը, որ Նիկոլ Փաշինյանը արել է ընտրությունների հետ կապված, դա Ջերի Մանդրինգն է, Միացյալ Նահանգներում է այս փորձը կիրառվել, երբ ընտրական տարածքները կտրտվում են և միացվում տարբեր տեղերի, որպեսզի որևէ ուժի թեկնածուին նախապատվություն տրվի, նրա հնարավորությունները մեծանան։

Մեզ մոտ ընտրություններից առաջ Վաղարշապատ համայնքը խոշորացվեց Խոյ համայնքի հետ, որի մեջ մտնում են 16 գյուղեր։

Նիկոլ Փաշինյանը սկզբից այս 16 գյուղերը միացնում է Էջմիածնի ընտրական էլեկտորալ քարտեզին, հետո միացնում է նաև Ոսկեհատը։ 47 ընտրատեղամասից միայն 24–ն են Էջմիածնում։

Իսկ ո՞վ է Արգիշտի Մեխակյանը. Նա Խոյ խոշորացված համայնքի ղեկավարն էր 2021 թվականից, ով է նշանակել այս բոլոր իմ թվարկած գյուղերի լիազոր ներկայացուցիչներին, վարչական ղեկավարներին։ Հիմա այս մարդկանց գերակշռող մասը ներգրավվում են ավագանու ցուցակի կազմում, յուրաքանչյուրն իր գյուղում ասում է՝ ինձ ես ընտրում, ի՞նչ նիկոլ։ Ես լավ տղա եմ, ինձ հարգում եք, այսքան գործ արել եմ, կառավարությունից փողը բերել եմ։ Ժողովուրդն էլ ասում է՝ այ ախպեր ջան, հա ցավդ էլ տանեմ, և այդտեղ սկսում են մեծ էլեկտորալ ռեսուրս գեներացնել»,–ասաց Մարուքյանը։

Նիկոլ Փաշինյանի հաջորդ քայլը, ըստ նրա այն է, որ եթե Գյումրիում Սարիկ Մինասյանը ներկայացվում էր որպես ՔՊ–ի թեկնածու, ապա Վաղարշապատում Արգիշտի Մեխակյանի բուկլետի վրա որևէ նշում չկա ՔՊ–ի մասին, միայն գրված է 7 թիվը, որ մարդիկ պետք է ընտրեն 7–րդ համարին։

«Սա հին հանրապետական մեթոդաբանություն է, երբ ՀՀԿ–ն ստանում էր 7 հազար ձայն, իսկ ՀՀԿ–ի ռեյտինգային թեկնածուները՝ 14 հաար ձայն։ Թեկնածուն ասում էր՝ ժողովուրդ ջան, ես ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ եմ, հասկացանք՝ չեք սիրում Սերժ Սարգսյանին, ինձ ընտրեք այ ախպեր։ Ու այդպես իրեն էին ընտրում և ձայնը գրում էր Սերժ Սարգսյանին»,–ասաց ԼՀԿ ղեկավարը։

Նա նկատեց, որ իշխանությունն այս առումով ճկունություն է դրսևորել, իսկ ընդդիմությունը ճկուն չէ։

Էդմոն Մարուքյանը նկատեց, որ եթե Վաղարշապատի ընտրություններում փոշիացվել է 14.8% ձայն, պառլամենտական ընտրություններին կարող է փոշիացվել մինչև 25% ձայն. «Որպեսզի այդ ձայները չփոշիացվեն, պետք է տեղի ունենան խոշորացումներ, ինչի մասին մենք խոսել ենք, բայց ինչպես ասում են, այդ մասին արդեն հաջորդ դասին»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Լրահոս