«Հրապարակ» թերթը գրում է. ««Մեսիջը շատ պարզ է՝ եկեղեցի, Արարատ, մեր խորհրդանիշներից չենք հրաժարվում»։ Ռոբերտ Քոչարյանը երեկ իր ասուլիսում այսպես մեկնաբանեց թիկունքին փակցրած մեծ պաստառը՝ Արարատ լեռան և Խոր վիրապի պատկերով: «Մեր տարածաշրջանում, փոքր երկրի համար ազգային ինքնությունն այն ցեմենտն է, որը պետականությունն ամուր է պահում։ Եթե ուզում ես պետականությունը քանդվի, այդ ինքնությունը թուլացրու։ Սա աքսիոմատիկ մոտեցում է, և ես չէի կարող ուրիշ կարգի հարաբերություններ ձևավորել Եկեղեցու հետ։ Չի եղել որևէ տարաձայնություն»,- իր և Մայր Աթոռի, Վեհափառի հետ փոխհարաբերություններին անդրադառնալով՝ ասաց նա։
Նկատեցինք, որ սառնասիրտ ու դաժան մարդու համբավ ունեցող Քոչարյանն ակնհայտորեն սենտիմենտալ էր դարձել` Եկեղեցու, ազգային ինքնության հարցերին անդրադառնալիս: Նա չթաքցրեց, որ այս իշխանություններն այնքան արեցին, որ անգամ «իր նման մարդը» ասուլիսի հետնանկար է ընտրել Արարատի, Խոր վիրապի պատկերները»։

