Երեկ՝ մայիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Թալին խոշորացված համայնքի Կաքավաձոր բնակավայրի տարածքում գտնվող տուֆ քարի հանքում հոսանքահարում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ձին և գառը սատկել են։
Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ տեղում պարզվել է, որ «ԲԵԼՈւՄԵ» ՍՊԸ-ին պատկանող տուֆ քարի հանքը սնուցող 10 000 վոլտ հոսանքալարի էլեկտրասյան մոտով անցնելիս է եղել նույն գյուղի բնակիչ 53-ամյա Վանիկ Գ.-ն, ով զբաղվում է անասնապահությամբ։ Նա գյուղի նախիրը արածեցնելով՝ հասել է Կաքավաձոր գյուղ, նշված հատվածում նկատել է, որ գետնին առկա է էլեկտրաէներգիայի մալուխ։
Իջել է ձիուց և սկսել հսկել խոշոր եղջերավոր անասուններին և գառներին։ Կարճ ժամանակ անց նկատել է, որ ձին և իրեն պահ հանձնված գառներից մեկը հոսանքահարվել և սատկել են։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վանիկ Գ.-ին պատճառվել է մոտ 400 հազար դրամի վնաս։

