Իսրայելի պատմության մեջ ամենամեծ համաձայնագրերից մեկը, գրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ անդրադառնալով Հունաստանի հետ կնքված համաձայնագրերին։
«Հունաստանի հետ այսօր ստորագրված անվտանգության համաձայնագիրը, որը պետության պատմության մեջ ամենամեծ համաձայնագրերից մեկն է, Արևելյան Միջերկրական ծովում մեր կողմից տասը տարի առաջ Հունաստանի և Կիպրոսի հետ կնքված դաշինքի ուղղակի շարունակությունն է։
Այն ծառայում է որպես Իսրայելի պաշտպանական և տեխնոլոգիական արդյունաբերության հսկայական կարողությունների ևս մեկ ապացույց։
Այս քայլը արտացոլում է Իսրայելի ուժը, մեր պաշտպանական արտադրանքի նկատմամբ վստահությունը և մեր տարածաշրջանային դաշինքների ամրապնդումը»,-գրել է Իսրայելի վարչապետը։
Նշենք, որ Իսրայելն ու Հունաստանը ստորագրել են 3 մլրդ եվրոյի զենքի գործարք, որը խոշորագույնն է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։ Այդ մասին հաղորդել է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարությանը:
Ըստ տեղեկությունների՝ «Աքիլլեսի վահան» անվամբ պայմանագրի շրջանակում Հունաստանը կստանա մի քանի իսրայելական համակարգ, այդ թվում՝ Rafael-ի արտադրության David’s Sling և SPYDER համակարգեր և Israel Aerospace Industries-ի արտադրության BARAK MX-ները։

