Երևանում մանկապարտեզներն ու դպրոցները ջրի անջատումների պատճառով օրերով փակվում են, իսկ քաղաքապետարանը պարզապես «կիսում է ծնողների անհանգստությունը»

Երևանի մանկապարտեզներում և դպրոցներում կրկնվող իրավիճակ է ստեղծվել․ երբ ջրամատակարարման խափանում է լինում, անմիջապես զանգում են ծնողներին և պահանջում երեխաներին տուն տանել, կամ էլ տեղեկացնում են՝ առաջիկա երկու օրերին երեխաներին ուսումնական հաստատություն չտանել։

Միայն Արաբկիր վարչական շրջանում վերջին մեկ ամսում ծնողներին վեց անգամ զգուշացրել են, որ ջուր չի լինելու և անհրաժեշտ է երեխաներին կա՛մ գնալ, մանկապարտեզից վերցնել, կա՛մ երկու օր հաստատություն չտանել։

Հաճախակի դարձած այս զանգերն աշխատող ծնողների համար լուրջ անհարմարություններ են առաջացնում։ Նրանք նշում են, որ առանց այդ էլ երեխաների հաճախակի հիվանդանալը ստիպում է աշխատանքից բացակայել, իսկ նման անսպասելի իրավիճակները խնդիրն ավելի են խորացնում։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք պարզապես կարող են կիսել ծնողների անհանգստությունը, սակայն խնդրի լուծման կոնկրետ տարբերակ ներկայում չունեն։

«Նաև որպես ծնող հասկանում ենք խնդիրը։ Իմ երեխայի դպրոցում էլ այսօր ջուր չի եղել։ Սակայն առանց հոսող ջրի, ցավոք կամ բարեբախտաբար, հնարավոր չէ ապահովել համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններ․ երեխաները սնվում են երեք անգամ, նաև պետքարանից են օգտվում, ու հասկանալի է, որ այդ պայմաններում հնարավոր չէ կազմակերպել աշխատանքը»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ խնդիրը ոչ միայն մանկապարտեզներում, այլև հանրակրթական դպրոցներում է առաջանում, և քաղաքապետարանը դրա անմիջական հասցեատերը չէ։

«Խնդիրը մեր մեղքով չի։ Ջրի անջատումների պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է։ Մենք միշտ հետաքրքրվում ենք պատճառներով․ որոշ դեպքերում պլանային աշխատանքներ են, որոշ դեպքերում՝ վթարներ։ Վերջին այս անջատումը, օրինակ, ընդհանրապես հնարավոր չէր կանխատեսել։ Հիմա Կենտրոնում և Արաբկիրում շատ ուսումնական հաստատություններում գործընթացները դադարեցված են։ Դպրոցներում դեռ հնարավոր է որոշ ժամեր աշխատել, բայց մանկապարտեզներում՝ ոչ։ Այնտեղ տեղում է պատրաստվում սնունդը», -ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր չէ արդյոք կազմակերպել ջրի պահեստավորում բակերում, ինչպես արվում է որոշ մարզային համայնքներում՝ Խաչատրյանը պատասխանեց, որ այդ տարբերակը քննարկվում է, սակայն դա արդյունավետ լուծում չի կարող լինել։

«Այդ ծավալի ջուր հավաքել հնարավոր չէ, բացի այդ՝ սնունդ պատրաստելու համար պարտադիր հոսող ջուր է անհրաժեշտ։ Դա սանիտարական նորմ է»,- նշեց նա։

Անդրադառնալով դիտարկմանը՝ արդյոք նորմա՞լ է, որ մանկապարտեզներն ու դպրոցները օրերով փակվում են, իսկ քաղաքապետարանը պարզապես արձանագրում է իրավիճակը՝ Խաչատրյանը նշեց․«Այո՛, արձանագրում եմ, որ ուսումնական գործընթացը դադարեցված է։ Բայց քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում նվազագույնը 200 երեխա է հաճախում, և պետք է հասկանանք՝ ինչպես կազմակերպել նրանց սնունդն առանց ջրի։ Ես այդ հարցի հասցեատերը չեմ»։

Լրահոս