Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը մեղադրվում է հողերն օրենքի խախտմամբ օտարելու մեջ

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը մեղադրվում է համայնքային հողերը տարիներ շարունակ օրենքի խախտմամբ՝ շուկայականից անհամեմատ ցածր արժեքով օտարելու մեջ։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը՝ տարածելով Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը։

Ըստ մեղադրանքի՝ 2002-2018թթ․ Արամ Դանիելյանը, զբաղեցնելով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, համայնքում գտնվող 12 հողամասերն առանց էական սակարկությունների և էականորեն ցածր գներով օտարել է իր հետ փոխկապակցված անձանց, ընտանիքի անդամներին։

Հողամասերից ամենամեծը՝ 2000 քառակուսի մետր մակերեսով, վաճառվել է 3 մլն դրամով, սակայն տվյալ պահին նշված հողամասի շուկայական արժեքը եղել է 8,5 միլիոն դրամ։

Ըստ դատախազության՝ այս գործունեության հետևանքով համայնքին պատճառվել է 26մլն դրամի վնաս։ Մեղադրանքներ են առաջադրվել նաև Արամ Դանիելյանի կնոջը, երկու եղբայրներին, նաև Հրազդանի համայնքապետարանի տարածքային զարգացման, հողային կադաստրի և քաղաքաշինության բաժնի պետ Մյասնիկ Կոստանյանին, ևս մեկ աշխատակցուհու։

Արամ Դանիելյանն ու Մյասնիկ Կոստանյանը մեղադրվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիքներ կատարելու համար, իսկ Դանիելյանի կինը, եղբայրներն ու համայնքապետարանի աշխատակցուհին՝ հանցանքների օժանդակելու համար։

6 մեղադրյալներն էլ ներկայացված մեղադրանքը չեն ընդունում, հրաժարվել են ցուցմունք տալ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։ Վարույթն արդեն Հակակոռուպցիոն դատարանում է։

Լրահոս