ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասուլիսի ընթացքում կարևորեց սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման շուկաների դիվերսիֆիկացիան՝ միաժամանակ շեշտելով տեղական արտադրության զարգացման անհրաժեշտությունը։
«Շատ կարևոր եմ համարում սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերման, շուկաների դիվերսիֆիկացիան։ Բայց նաև կարևորում եմ տեղական արտադրության զարգացումը»,- նշել է նախարարը։
Պապիկյանի խոսքով՝ 2022 թվականին տեղական ռազմարդյունաբերության հետ կնքված պայմանագրերի ընդհանուր ծավալը կազմել է 5.5 մլրդ դրամ, մինչդեռ ներկայում գործող պայմանագրերով այն հասել է 170 մլրդ դրամի, որի մեծ մասն արդեն մատակարարված է։
Նախարարը հայտնեց, որ կառավարության 2026-2028 թվականների եռամյա ծրագրով նախատեսվում է տեղական ռազմարդյունաբերության ոլորտին հատկացնել 150 մլրդ դրամ։
«Սա էական ներդրում եմ համարում»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը։

