Հարգելի՛ ընկերներ,
Ինչպես արդեն հայտնի է, «Բարոյական Արժեքներ» կուսակցությունը չի մասնակցելու հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կուսակցության նախագահ Սիմոն Պետրոսյանը՝ նշելով, որ պատճառը անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունն է։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նախընտրական շրջանում կատարվել են մի շարք աշխատանքներ․ տեղի են ունեցել հանդիպումներ, քննարկումներ և առաջարկների փոխանակում տարբեր քաղաքական ուժերի ու գործիչների հետ։ Սակայն, ըստ նրա, չի հաջողվել հասնել փոխադարձ համաձայնության, որը կհամապատասխաներ կուսակցության գաղափարական սկզբունքներին և քաղաքական պատկերացումներին։
«Բարոյական Արժեքներ» կուսակցությունը նախկինում ևս հայտարարել է, որ հանդես է գալիս որպես հեղափոխական գաղափարներ կրող քաղաքական ուժ և գործում է առողջ ընդդիմության դիրքերից։ Միաժամանակ, կուսակցությունը նշում է, որ չնայած առկա տարաձայնություններին գործող իշխանությունների հետ, չի կարող չարձանագրել վերջին ութ տարիների ընթացքում տեղի ունեցած որոշ դրական փոփոխություններ։
Հաշվի առնելով Հայաստանի շուրջ ստեղծված ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակը՝ «Բարոյական Արժեքներ» կուսակցությունը հայտարարում է, որ իր աջակցությունն է հայտնում «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությանը։

