Պարզվում է՝ դեռևս համատեղելի է և՛ ԵՄ անդամ դառնալու ճանապարհով գնալ, և՛ լինել ԵԱՏՄ անդամ. Փաշինյան

Արդյո՞ք մենք ուզում ենք լինել ԵՄ անդամ՝ այո՛, աներկբա և միանշանակ. «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մինչդեռ, ըստ նրա՝ ԵՄ անդամ լինելու համար կա մի շատ մեծ և կարևոր նախապայման՝ երկիրը օբյեկտիվորեն պետք է համապատասխանի ԵՄ ստանդարտներին, գոնե 97–99%-ով։

«Հակառակ դեպքում խնդիր դնել այդ պայմանը շրջանցելու համար՝ դառնալ ԵՄ անդամ, ժամանակի և էներգիայի կորուստ է»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ իրենք ՀՀ-ի համար ընտրել են հետևյալ ռազմավարությունը։

«Մենք պետք է շատ ամուր գնանք՝ ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր դառնալու համար»,- ասաց նա և նշեց, որ դրանից հետո արդեն կգա քաղաքական որոշման հարցը, և, ի վերջո, ԵՄ-ն կորոշի՝ ընդլայնվել ուզո՞ւմ է, թե՞ ոչ։

«Այսինքն՝ կա՛մ մեզ ընդունում են, կա՛մ՝ ոչ, երկու դեպքում էլ ՀՀ-ն շահած է դուրս գալիս»,- ասաց նա։

Փաշինյանը միաժամանակ նշեց, որ այս ամենին զուգահեռ կա հաջորդ «նրբությունը»։ «Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ մենք չենք կարող միևնույն ժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ։ Բայց հիմա պարզվում է, որ այնուամենայնիվ տարածք կա՝ և՛ այս ճանապարհով գնալ, և՛ լինել ԵԱՏՄ անդամ։ Մենք այդ տարածքի մեջ ենք, մենք հստակ ենք հայտարարում և ձև չենք անում։ Մենք այսօր ԵԱՏՄ անդամ ենք, ինչը նշանակում է, որ այս կետում անհամատեղելիություն չկա, հակառակ դեպքում դա հնարավոր չէր լինի։ Հետևաբար, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի, մենք կշարունակենք մնալ ԵԱՏՄ անդամ։ Երբ համատեղելիության անհնարինություն կարձանագրվի, մենք ՀՀ քաղաքացիների հետ կկայացնենք այն որոշումը, որը կբխի ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտությունից»,- ասաց նա։

Լրահոս