Ռուսաստանը կարող է երկարաձգել Հայաստանից ժամանած ուղևորաբեռնափոխադրողների կացության ժամկետը

Ռուսաստանի ՆԳՆ-ն օրինագիծ է պատրաստել առանց վիզայի երկրներից (այդ թվում՝ Հայաստանից – խմբ.) ժամանած միջազգային վարորդների ժամանակավոր կացության ժամկետը տարեկան մինչև 180 օր երկարաձգելու վերաբերյալ՝ «Գոսուսլուգի» պորտալում հայտը ժամանակին ներկայացնելու պայմանով։ Համապատասխան փաստաթուղթըհրապարակվել է իրավական ակտերի նորմատիվային պորտալում։ Այժմ նրանց համար գործում է ընդհանուր 90 օրվա սահմանաչափը, հայտնում է «Վեդոմոստի»-ն։

Կառավարության որոշման նախագիծը, որը մշակվել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանձնարարականի կատարման շրջանակներում, ուղղված է այն վարորդների թույլատրելի ժամկետի սպառման խնդրի լուծմանը, որոնց երթուղիներն անցնում են Բելառուսով և երկար ժամանակ են պահանջում սահմանային ու մաքսային հսկողություն անցնելու համար։ Ի տարբերություն աշխատանքային միգրանտների, նրանց համար ՌԴ-ում աշխատանքի թույլտվության փաստաթղթեր չեն ձևակերպվում, ինչը թույլ չի տալիս երկարաձգել կացության ժամկետը։

Երկարաձգված ժամկետը ստանալու համար վարորդը պետք է «Գոսուսլուգի» պորտալի միջոցով ներկայացնի մուտքի մասին հայտ՝ կցելով անձնագրի պատճենը և միջազգային փոխադրումը հաստատող փաստաթղթերը։ Նույնականացումն իրականացվելու է ՆԳՆ բազաներում՝ համադրելով հայտի ներկայացման փաստը և ուղևորության նպատակը՝ «վարորդ»։ Եթե հայտը չներկայացվի, ապա կացության ժամկետը կհաշվարկվի ընդհանուր կարգով՝ մինչև 90 օր։

Լրահոս