Նոր խոշոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են European Respiratory Journal հանդեսում, ցույց է տալիս, որ հիվանդության ավելի թեթև ձևերի համեմատ ասթմայի ծանր ձևը զգալիորեն բարձրացնում է մահացության վտանգը։
Վերլուծությունը հիմնված է հյուսիսեվրոպական NORDSTAR հետազոտության մեջ ընդգրկված ավելի քան 11 հազար բուժառուների տվյալների վրա, որը շուրջ 20 տարի շարունակ հետևել է ասթմա ունեցող մարդկանց վիճակին։ Արդյունքները փաստում են, որ ծանր ասթմայով բուժառուների վաղաժամ մահվան վտանգը գրեթե երկու անգամ ավելի բարձր է, քան հիվանդության թեթև կամ չափավոր ձևեր ունեցողների մոտ։
Թվային արտահայտությամբ տարբերությունն ունի հետևյալ տեսքը. դիտարկման ժամանակահատվածում մահացել է ծանր ասթմայով բուժառուների մոտ 34%-ը, մինչդեռ ավելի թեթև ընթացքով խմբում այդ ցուցանիշը կազմել է մոտ 20%։
Կարևոր է այն հանգամանքը, որ մահացության բարձր տոկոսը կապված է ոչ միայն բուն ասթմատիկ նոպաների հետ։ Հետազոտողները նշում են, որ զգալի դեր են խաղում ուղեկցող հիվանդությունները՝ նախևառաջ սիրտ-անոթային և ուռուցքային ախտորոշումները։ Ընդ որում, բուն ասթմատիկ նոպաներից ուղղակի մահվան դեպքերը համեմատաբար հազվադեպ են եղել։
Գիտնականները շեշտում են, որ ռիսկի հիմնական գործոնը ոչ այնքան սուր նոպաներն են, որքան խրոնիկական բորբոքումը, հաճախակի սրացումները և բուժառուների առողջական վիճակի ընդհանուր վատթարացումը։ Ծանր ասթման նաև ավելի հաճախ է ուղեկցվում այլ հիվանդություններով և ավելի ինտենսիվ բժշկական հսկողություն է պահանջում։
Ըստ գնահատականների՝ ծանր ասթման հանդիպում է նման ախտորոշումն ունեցող բոլոր բուժառուների մոտ 3–8%-ի շրջանում։ Այդ խումբը բնութագրվում է հաճախակի սրացումներով, հոսպիտալացումների անհրաժեշտությամբ և հիվանդության բարդ ընթացքով։
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ չնայած ասթմայի բուժման մեջ գրանցված զգալի առաջընթացին, ծանր ձևն ունեցող բուժառուները շարունակում են մնալ խոցելի խումբ և ավելի ճշգրիտ ու անհատականացված թերապիայի ու հսկողության կարիք ունեն։

