ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Կենտրոն քրեակատարողական հիմնարկից հանդես է եկել ուղերձով՝ անդրադառնալով բարեգործության նշանակությանն ու վերջին շրջանում դրա վերաբերյալ հնչող մեկնաբանություններին։
Ծառուկյանը նշել է, որ բարեգործությունը չի կարող փոխարինել պետության տնտեսական զարգացմանը, սակայն այն կարող է էական դեր ունենալ հասարակության տարբեր ոլորտներում և մարդկանց կյանքում։
«Տարիներ առաջ ասել եմ ու հիմա վերահաստատում եմ. բարեգործությամբ երկիր չես պահի։ Երկիրը զարգանում է ճիշտ տնտեսական քաղաքականությամբ, նոր ստեղծվող աշխատատեղերով, նոր տնտեսական հզորություններով, առողջ տնտեսական միջավայրերով և կառավարման էֆեկտիվ համակարգերով»,- նշել է նա։
Միաժամանակ ԲՀԿ առաջնորդը ընդգծել է, որ բարեգործության միջոցով հնարավոր է աջակցել հազարավոր մարդկանց, ինչպես նաև նպաստել մշակույթի, գիտության, կրթության և սպորտի զարգացմանը։
Նրա խոսքով՝ բարեգործության միջոցով հնարավոր է նաև փրկել կյանքեր, աջակցել կրթական ծրագրերին, կառուցել եկեղեցիներ, հրատարակել գրքեր, նկարահանել ֆիլմեր և իրականացնել հասարակության համար կարևոր այլ նախաձեռնություններ։
Ծառուկյանը հիշատակել է հայ բարերարների, այդ թվում՝ Մանթաշովի, Քըրք Քըրքորյանի և Սամվել Կարապետյանի անունները՝ ընդգծելով նրանց ներդրումը հայ ժողովրդի և Հայաստանի զարգացման գործում։
«Ես իմ արածների մասին չեմ խոսի։ Ինչ եմ արել ես Հայաստանում՝ պատմությունը կգնահատի. ամեն ինչ եղել է բոլորի աչքի առաջ»,- նշել է նա։
Ուղերձում Ծառուկյանն անդրադարձել է նաև սփյուռք-Հայաստան հարաբերություններին և նշել, որ տարիներ շարունակ իրեն մտահոգել է այն հարցը, թե ինչու պետք է միայն Սփյուռքը աջակցի Հայաստանին։
Նրա խոսքով՝ ինքը որոշել է փոխել այդ մոտեցումը և աջակցություն ցուցաբերել աշխարհի տարբեր հատվածներում դժվարությունների առաջ հայտնված հայ համայնքներին։
Ծառուկյանը նշել է, որ աջակցություն է ցուցաբերել Սիրիայի, Լիբանանի, Իրանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հայ համայնքներին, ինչպես նաև տարբեր երկրներում գործող հայկական վարժարաններին, դպրոցներին, եկեղեցիներին ու համայնքներին։
«Հայկական աշխարհի միասնականությունը նաև նման քայլերով է ստեղծվում և ամրապնդվում, երբ աշխարհի ցանկացած ծայրում դժվարության հանդիպած հայը ստանում է հայրենիքի հայի աջակցությունը»,- ասել է նա։
ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ բարեգործությունը միայն տրամադրվող գումարի չափի մասին չէ։ Նրա գնահատմամբ՝ այն նպաստում է ավելի համերաշխ հասարակության ձևավորմանը, որտեղ մարդիկ պատրաստ են միմյանց օգնության ձեռք մեկնել։
Ծառուկյանը նաև անդրադարձել է իր ընտանիքի արժեքներին՝ նշելով, որ մանկության տարիներին տեսել է, թե ինչպես էր մայրը հացի մի մասը առանձնացնում ավելի վատ պայմաններում ապրող մարդկանց համար։
«Ես ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին։ Իմ որդիները, վստահաբար, կանեն նույնը»,- նշել է նա։
Ուղերձի ավարտին Ծառուկյանը շեշտել է, որ բարեգործությունը, բառացի իմաստով, բարի գործ է, իսկ բարի գործի հիմքում պետք է լինի բարի մտադրությունը՝ հանուն երկրի և ժողովրդի ապագայի։
Նրա խոսքով՝ բարի մտադրությունների խրախուսումը կարևոր է հասարակության մթնոլորտը փոխելու, փոխօգնության մշակույթ ձևավորելու և ամուր պետություն ու հասարակություն կառուցելու համար։ Ծառուկյանը հակադիր երևույթներ է համարել պառակտումն ու թշնամանքը՝ դրանք Հայաստանի համար կործանարար որակելով։
