Տիգրան Ավինյանը հանձնարարել է վերահսկել Պարոնյան-Պռոշյան փողոցներում, Կոնդում և Կոզեռնում ջրագծերի փոխարինման աշխատանքների որակն ու ժամկետները

Պարոնյան-Պռոշյան փողոցներում, ինչպես նաև Կոնդ և Կոզեռն թաղամասերում իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքը քննարկվել է տեղում։

Նշված հատվածներում «Ջրային կոմիտեի» ծրագրերով իրականացվում են ջրատարների փոխարինման, խմելու ջրի մատակարարման բարելավման և ներտնային ցանցին միացման աշխատանքներ։ Զուգահեռաբար Երևանի քաղաքապետարանի ծրագրով նույն փողոցներում կառուցվում է ոռոգման նոր համակարգ։

Աշխատանքների լայնածավալ բնույթը որոշակի անհարմարություններ է առաջացրել բնակիչների և վարորդների համար։ Քաղաքացիների կողմից բարձրաձայնվել են նաև աշխատանքների ընթացքի, կատարման որակի և ժամկետների վերաբերյալ դժգոհություններ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղում պատասխանատուների հետ քննարկել է ծրագրերի ընթացքը, առկա խնդիրներն ու աշխատանքների ավարտի ժամկետները։ Քննարկման ընթացքում շեշտադրվել է, որ նման ծրագրերի իրականացման ժամանակ անհրաժեշտ է ոչ միայն պահպանել նախատեսված տեխնիկական չափանիշները, այլև հնարավորինս նվազեցնել բնակիչների և երթևեկության համար ստեղծվող անհարմարությունները։

Պատասխանատուներին հանձնարարվել է սահմանել մշտական հսկողություն աշխատանքների որակի նկատմամբ և միջոցներ ձեռնարկել, որպեսզի նախատեսված աշխատանքներն ավարտվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։

Հատկապես կարևոր է, որ ջրային և ոռոգման համակարգերի բարելավման ծրագրերը չսահմանափակվեն միայն խողովակների ու ցանցերի փոխարինմամբ, այլ ապահովեն երկարաժամկետ և արդյունավետ ենթակառուցվածք՝ բնակիչների համար։ Միաժամանակ աշխատանքների ավարտից հետո անհրաժեշտ է պատշաճ կերպով վերականգնել փողոցներն ու հարակից տարածքները։

Այս հատվածներում իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու վերջնական արդյունքը անմիջականորեն առնչվում են հազարավոր քաղաքացիների առօրյային, ուստի աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողությունն ու ժամկետների պահպանումը կարևոր նշանակություն ունեն։

Լրահոս