Թրամփը Գազայի վերաբերյալ բազմամիլիարդանոց պլան կներկայացնի հաջորդ շաբաթ Խաղաղության խորհրդի նիստում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Խաղաղության խորհրդի առաջին պաշտոնական նիստում կհայտարարի Գազայի հատվածի վերականգնման բազմամիլիարդանոց պլանի, ինչպես նաև հազարավոր զինծառայողների տեղակայման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։

Նշվում է, որ Թրամփի վարչակազմն ակնկալում է, որ փետրվարի 19-ին նախատեսված Խաղաղության խորհրդի առաջին նիստին կմասնակցի առնվազն 20 երկրի պատվիրակություն։

Սպասվում է, որ պատերազմից ավերված Գազայի հատվածի վերականգնման համար կհատկացվի մի քանի միլիարդ դոլար, ինչպես նաև կտեղակայվեն հազարավոր զինծառայողներ միջազգային կայունացման ուժերի կազմում, որոնք պետք է ապահովեն տարածքի անվտանգությունը։

Ըստ աղբյուրների՝ հանդիպումը կկայանա Վաշինգտոնում՝ ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում, որն այժմ հայտնի է «Դոնալդ Թրամփի անվան ԱՄՆ խաղաղության ինստիտուտ» անվանմամբ։

Խորհրդի առաջին նիստին մեկնելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խաղաղության խորհրդի ստեղծումը Թրամփի առաջարկած պլանի մի մասն էր Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու համար։ Դրա ստեղծման մասին հայտարարվել է 2026 թ. հունվարին։

Աշխարհի տարբեր երկրներից շուրջ 60 առաջնորդ հրավեր է ստացել մասնակցելու Խորհրդին, որոնցից մի քանիսը՝ որպես հիմնադիրներ։ Թրամփը նշանակվել է Խաղաղության խորհրդի նախագահ։

Խաղաղության խորհրդի հիմնման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 22-ին, Դավոսում։

Լրահոս